Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերություններն՝ ընդգծելով, որ դրանց կատարելագործումը պետք է մշտական բնույթ կրի:

Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը և որակապես նոր հարաբերությունների կառուցումը:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հավաստիացրել, որ կգործադրեն բոլոր ջանքերը Արցախի իրենց գործընկերների հետ աշխատանքի ավելի սերտ ու արդյունավետ մեխանիզմների մշակման համար:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել