Խոսելով իր և Հայ ազգային կոնգրեսի «տարաձայնությունների» մասին՝ Փաշինյանը նույնիսկ քմծիծաղով հիշեցնում է «քառյակ-եռյակ» թեմաները: Փաստերով հիշե՞նք դիրքորոշումները:
Լևոն Տեր-Պետրոսյանը կոնկրետ գաղափար էր շրջանառել, այն է` Սերժ Սարգսյանի բուրգը կազմաքանդելու համար հարկավոր է համագործակցել այս կամ այն չափով այդ բուրգի հետ չձուլված և իրենցից քաղաքական ուժ ներկայացնող ուժերի, այդ թվում` «օլիգարխների» հետ: Ձևավորվել էր համագործակցող ուժերի «քառյակ»` Կոնգրես, ՀՅԴ, Ժառանգություն և ԲՀԿ, ապա ՀՅԴ-ն դուրս եկավ, դարձավ «եռյակ»: Գործունեության առումով ինչ եղավ-չեղավ, բուն թեմային չի վերաբերում:
Իսկ ի՞նչ էր ասում Փաշինյանն այդ ժամանակ: Փաշինյանը նման համագործակցության գաղափարը տեղափոխում էր բարոյական հարթություն` կտրականապես մերժելով այն, հայտարարելով հետևյալը․ «Իմ քաղաքական գործունեության նպատակը ինչպես եղել, այնպես էլ մնում է «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսի իրագործումը: Այդ կարգախոսի հրատապությունն ու արդիականությունը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է` դառնալով կրիտիկական: Իմ այս դիրքորոշման մասին ով չգիտեր, թող իմանա» (28.12.2011):
Իսկ ի՞նչ դիրքորոշումներով էր հանդես գալիս նույն Փաշինյանը 2018 թվականի իրադարձությունների ժամանակ: Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ արդեն «պարոն Ծառուկյանի» հետ, վարչապետ դարձավ ԲՀԿ-ի «աջակցության» շնորհիվ, իսկ մի քանի ամիս անց իր իսկ ձեռքով ԲՀԿ-ին թագադրեց որպես «հեղափոխության աջակից ուժ»: Այսօր արդեն ԲՀԿ-ն Փաշինյանի ղեկավարած Հայաստանում համարվում է «լեգիտիմ երկրորդ» քաղաքական ուժը, իսկ «ոչ դոդացման» կարգախոսն էլ Փաշինյանի կողմից փոխարինվել է «սեփականատեր» կարգախոսով:
Ու հիմա նույն Փաշինյանը քմծիծաղով է խոսում «քառյակ-եռյակի» մասին: Ուզում եք՝ «ռեալ պոլիտիկի» տեսանկյունից դիտարկեք «եռյակի» շրջանակներում Կոնգրես-ԲՀԿ համագործակցությունն ու 2018 թվականի Փաշինյան-ԲՀԿ համագործակցությունը, ուզում եք` «բարոյական» տեսանկյունից: Տեսանկյուններից որևիցե մեկով դիտարկելիս կա՛մ պիտի ի սկզբանե անընդունելի համարվեին թե՛ Կոնգրես-ԲՀԿ, թե՛ Փաշինյան-ԲՀԿ համագործակցությունները, կամ էլ պիտի «նորմալ» գնահատվեր: Ու եթե ինչ-որ մեկը պիտի քմծիծաղով խոսի տվյալ թեմայի մասին, այդ մարդը, բնականաբար, Տեր-Պետրոսյանն է: