Pastinfo.am-ը գրում է․

«Փուլային տարբերակի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին մեսիջին հայկական կողմի արձագանքում կա մի շատ կարեւոր դրվագ, հայկական կողմը փաստացի խոստովանեց, որ հայ-ռուսական հարաբերություններում կա լուրջ խնդիր, ինչը, բնականաբար առանձին պրոբլեմ չէ, որ չազդի Արցախի խնդրի վրա, Հայաստանում ընթացող գործընթացների վրա, երկու երկրների հարաբերությունների վրա: Այս ամբողջը համալիր է եւ չի կարող լինել այնպես, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիր լինի եւ դա չազդի Արցախի խնդրի վրա».«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի զարգացումներին ու հայ-ռուսական հարաբերութունների խնդրին:

Ըստ քաղաքագետի այսօր երկու երկրների միջեւ հարաբերությունները խայտառակ վատթարացած են, ինչի բնութագիրը, ըստ քաղաքագետի այն է, որ ՌԴ-ն Հայաստանին, որպես դաշնակից երկրի, գազը վաճառում է 160 դոլարով, իսկ օրինակ, Գերմանիային, հաշվի առնելով նավթի գնանկումը, 70 դոլարով: «Այս պայմաններում Գազպրոմը ցանկանում է բարձրացնել գազի գինը, սա մի դետալ է, որը ցույց է տալիս թե ինչ մթնոլորտ է հայ-ռուսական հարաբերություններում։

Պատճառն այն է, որ ՌԴ-ում գլոբալ իմաստով չեն վստահում այս իշխանություններին որովհետեւ նա հետապնդում է մարդկանց, ովքեր տարիներ շարունակ կառուցել են հայ-ռուսական հարաբերությունները»:

Նշենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցի մասին, իսկ լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց առ այն, որ հեռախոսազրույցի թեման բացի Արցախի խնդիրը, եղել է նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը,որին անդրադարձ է կատարվել հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների համատեքստում:

Բոզոյանը շեշտում է ՌԴ-ի դերն ու նշանակությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում եւ նշում, որ թե արտասահմանյան մամուլը, թե տեղական մամուլն արձանագրում է այն հանգամանքը, որ հայ-ռուսական հարաբերություններում մտահոգիչ իրավիճակ է առաջացել:

«Ինձ թվում է, իշխանությունը մինչեւ վերջ չի պատկերացնում վտանգի չափը, որովհետեւ մի պահ իրավիճակը կարող է այնպես դուրս գալ վերահսկողությունից, որ կարող ենք կանգնել շատ լրջագույն խնդիրների առաջ: Մենք կարող ենք արձանագրել, որ այն, ինչ կատարվում է հայաստանյան ներքին կյանքում, այն, ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատավարության հետ կապված, միանշանակ ազդեցություն է թողնում հայ-ռուսական հարաբերությունների եւ առհասարակ Ռուսաստանի մոտեցման վրա՝ տարբեր խնդիրների վերաբերյալ: Սրան գումարենք նաեւ ՀՀ իշխանության մոտեցումները, Ղարաբաղի հետ կապված. որոնք ուղղակի մանկամիտ են».-ասաց քաղաքագետը ՝ հավելելով, որ դեռեւս , ձեռնպահ է մնում նշելու, թե այդ ամենը կանխամտածված է:

Խոսելով բանակցային գործընթացից , Երվանդ Բոզոյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ նոր իշխանութան հայտարարությանը՝ բանակցային ֆորմատը փոխելու վերաբերյալ միջնորդների կողմից չընդունվեց եւ ակնհայտ դարձավ, որ բանակցային ձեւաչափում ապակառուցողական կողմը Հայաստանը դարձավ: «Եթե հիշում եք Ադրբեջանը տարիներ շարունակ խոսում են բանակցային ֆորմատը փոխելու մասին, նա դժգոհում էր, պահանջում , որ խնդիրը տեղափոխեն ՄԱԿ, ցանկանում էր միջնորդների մեջ փոփոխություն անել, բայց այդ առաջարկները մերժվեցին եւ հիմա, փաստացի այդ վիճակի մեջ, երբ Ադրբեջանն անընդհատ մերժվում էր, հայտնվել է Հայաստանը»,-ասաց Բոզոյանը՝ հիշեցնելով , որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը Վիեննայի եւ Պետերբուրգի համաձայնություններով դիվանագիտական հարված ստացավ եւ բանակցությունները սուստանցիոն՝ բովանդակային հարթակից տեղափոխվեցին վստահության հարթակ:

« Այս պայմաններում այսպիսի ապաշնորհ մոտեցում ցուցաբերել ու փոշիացնել բանակցային կապիտալը դիվանագիտական ճակատում, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել եւ իշխանությունը համառորեն դա շարունակում է: ՀԻմա հայկական կողմը փաստացի համարվում է բանակցային գործընթացի գլխավոր խոչընդոտը, երբ նա ասում է՝ բանակցություններ չկան, մարդիկ հասկանում են, որ այդ մարդն իրեն հիմարի տեղ է դնում»,-շարունակեց Երվանդ Բոզոյանը:

Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանն օգտվում է ստեղծված շանսից, որը այդ երկրի փորձագիտական շրջանակների գնահատմամբ, վերջին 20 տարիների ընթացքում բացառիկ է. «Ես չեմ ուզում մտածել, որ սա կանխամտածված քաղաքականություն է, որովհետեւ այդտեղ մեկ տրամաբանություն կարող է լինել, դա դավաճանությունն է: Ես չեմ կարող նաեւ հասկանալ, այսքան պրիմիտիվ ինչպե՞ս կարելի է լինել»:

Վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանքի խնդրին, Երվանդ Բոզոյանը կարծիք հայտնեց, որ նույնիսկ արեւմտյան երկրները, ովքեր ինչ-ինչ շահեր ունեն Հայաստանում, իրենք իրենց մեջ արդեն «դուրս են գրել» ՀՀ վարչապետին ՝ որպես բարոյական ու հումանիստական արժեքները ոտնահարողի, իսկ ՌԴ-ի պարագայում , խնդիրը հումանիստական- մարդկայինից նաեւ քաղաքական է դառնում՝ նկատի առնելով այն խորը անվստահությունը, որ կա Փաշինյանի հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել