Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց մայիսի 8-ի միջադեպի համար։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր հայրենակիցներից նրա համար, որ մենք որպես ԱԺ պատգամավորներ կարևոր օրակարգերը թողած, այն ժամանակը, որի համար վճարում եք, որ մենք զբաղվենք լուրջ հարցերով ու խնդիրներ լուծելով, մենք այդ ժամանակը մեղմ ասած վատնում ենք այսպիսի բաների վրա։ Ես ինձանից հասանելիք ամեն ինչ կանեմ, որ ճիշտ գծից չշեղվեմ»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Վերջինս նշեց, որ երկու օր մտածել է տեղի ունեցածի մասին և նկատեց, եթե իր բառապաշարի մեջ մի փոքր ավելի զուսպ լիներ, բանը գուցե չհասներ նրան, որ Սասուն Միքայելյանն այսօր նման ելույթ ունենար. «Ամեն դեպքում ինքս ամեն ինչի մեջ փորձում եմ առաջինը իմ մեղքի բաժինը տեսնել ու բոլորին էլ նույն կոչն եմ անում»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճում ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Ընդհարումը սկսվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին, ասաց. «Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»։

Տեղից «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը սկսեց բղավել, այնուհետև ծեծկռտուք սկսվեց պատգամավորների միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել