ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ։

Ուղերձը՝ ստորև․

«Սիրելի հայրենակիցներ.

Մայիսի 9-ն առանձնահատուկ տեղ է գրավում մեր պետական տոնացույցում: Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի օրը խորհրդանշում է պատմական առումով բեկումնային իրադարձություններ և հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջը համախմբված սերունդների ամուր միասնություն:

75 տարի առաջ ֆաշիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան նաև հայ զինվորի, հայի ռազմական տաղանդի, հայկական զենքի հաղթանակն էր:

Պատերազմի առաջին իսկ րոպեներից խիզախորեն պայքարելով նախահարձակ գերմանական զորքերի դեմ` խորհրդային բանակի հայազգի մարտիկներն ու զորավարները Բրեստի ամրոցում և Ստալինգրադում, Օդերի ափերին և Ռայխսթագի մատույցներում պաշտպանում էին նաև իրենց փոքրիկ հայրենիքը՝ Հայաստանը:

Իր ծավալներով աննախադեպ այդ պատերազմի ընթացքում հայ մարտիկներն աչքի են ընկել անօրինակ հերոսություններով, հայազգի զորավարները մշակել և իրականացրել են փառահեղ ռազմագործողություններ, իսկ հայ գիտական միտքը խորհրդային բանակին տվել է նոր և հզոր զինատեսակներ:

Մեծ հայրենականին մասնակցած հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված սերունդը նրանց դասերի կենսունակությունը կարողացավ ապացուցել արցախյան ազատամարտի ժամանակ:

Ստիպված լինելով զենք վերցնել այնպիսի պայմաններում, երբ Մայր Հայաստանի հետ վերամիավորվել ցանկացող Արցախի գլխին կախվել էր ֆիզիկական բնաջնջման միանգամայն իրական վտանգը, այդ սերունդը կարճ ժամանակահատվածում մարտական գործողություններին զուգընթաց կազմավորեց հզոր, մարտունակ բանակ` հայկական զենքը փառավորելով նոր հաղթանակներով:

Այդ հաղթանակների վառ խորհրդանիշը Շուշիի ազատագրման ռազմագործողությունն էր, որով խորտակիչ հարված հասցվեց ադրբեջանական բանակի մարտական ոգուն ու բարոյական որակներին և դարձավ հետագա բոլոր հաղթանակների անկյունաքարը:

Հրադադարի հաստատումից հետո Պաշտպանության բանակը շարունակեց զարգանալ ու կատարելագործվել, համալրվել նոր զինատեսակներով` առանց օտար ուժերի ներգրավման դառնալով տարածաշրջանային խաղաղության գլխավոր երաշխավորը:

Պարտություն կրելով իր իսկ սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ամենևին էլ չհրաժարվեց ցեղասպան ծրագրերից:

Հայրենյաց պաշտպանների երիտասարդ սերունդը, 2016 թվականի ապրիլին կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան ու ջախջախելով նրա նախահարձակ ուժերն, ապացուցեց, որ Մեծ հայրենականում և արցախյան ազատամարտում հաղթող քաջերի արժանավոր հետնորդն է:

Ցավոք, պատերազմում անխուսափելի են զոհերը: Բազմաթիվ հայորդիներ հայրենիքի ազատությանը նվիրաբերեցին ամենից թանկը` կյանքը:

Փառք և պատիվ Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում մարտիրոսված բոլոր քաջորդիներին:

Հավերժ փառք Արցախի սահմանները պաշտպանելիս նահատակված ՊԲ բոլոր զինծառայողներին:

Այսօր էլ պաշտպանության բանակը, շարունակաբար կատարելագործվելով, արդիականացնելով իր զինանոցը, ամրապնդելով մարտական հմտություններ, հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի սահմանները` պատրաստ անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնելու հակառակորդին:

Հարգելի հայրենակիցներ,

ՊԲ հրամկազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս եռատոնը: Մաղթում եմ հաջողություններ թե՛ անձնական կյանքում, թե՛ ծառայողական ու աշխատանքային գործունեության մեջ: Վստահ եմ, որ մեր զավակներն ապրելու են զարգացած, հզոր ու խաղաղ երկրում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել