Armdaily.am-ը գրում է․

Քիչ առաջ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Էրիկ Գրիգորյանն ազատվեց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից: Նախարարի հրաժարականի մասին տեղեկությունն արդեն մի քանի ժամ է՝ շրջանառվում էր մամուլում, իսկ նախարարությունը եւ վարչապետի խոսնակը որևէ մեկնաբանություն չէին տալիս։ Ըստ էության՝ այդ տեղեկությունները չհերքելը արդեն իսկ հիմքեր էր տալիս ենթադրելու, որ դրանք ճիշտ են։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Գրիգորյանի հրաժարականի պատճառների մասին շրջանառվում է երկու վարկած։ Դրանցից մեկը Ամուլսարի հանքի շահագործումն է, մյուսը՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը։ Նախագծի վտանգների մասին առաջինը բարձրաձայնել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը։ Նա մինչև հրաժարականի մասին տեղեկատվության պաշտոնական հաստատումը իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ գրառում էր կատարել․ «Տեղեկատվության ազատության մասին օրենքը միանձնյա փոխելու փորձերը միշտ ավարտվում են ձախողմամբ։ Շրջակա միջավայրի նախարարը հրաժարական է տվել։ Այդպես եղել է նաեւ օրենքը փոխելու նախորդ 9 փորձերի դեպքում»։

Իշխանական մեր աղբյուրները, սակայն, չեն կարծում, թե աղմկահարույց նախագիծը կարող էր հրաժարականի պատճառ դառնալ։ Առավել հավանական է համարվում Ամուլսարի հետ կապված խնդիրը, ընդ որում՝ շրջանառվում է նաև այն տեղեկատվությունը, որ Էրիկ Գրիգորյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, ով այս հողի վրա հրաժեշտ կտա պաշտոնին։ Բավական է հիշել, որ օրեր առաջ էլ շրջանառվում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության հարցը։ Լուրը պաշտոնապես հերքեցին, սակայն շարունակում են տեղեկություններ շրջանառվել, որ այս հրաժարականը կլինի արտակարգ դրության ավարտից հետո՝ մայիսի 14-ին։ Ավինյանի անունն էլ էր կապվում Ամուլսարի հանքի շահագործման պատմություններին, սակայն ասել՝ նրա հնարավոր հրաժարականը կապ ունի դրա հետ, թե ոչ՝ դժվար է։

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող «Բնապահպանական ճակատի» ղեկավարներից Լևոն Գալստյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պարբերաբար նշում էին, որ համակարգը որևէ էական փոփոխության չի ենթարկվել ու դա թերևս կախված է եղել նաև նախարարից։ «Ըստ էության՝ որևէ հեղափոխական քայլ չի կատարվել բնապահպանության ոլորտում։ Իրականում ես տեղեկություն չունեմ, թե որն է եղել հրաժարականի պատճառը, կարծում եմ՝ նման դեպքերում հաճախ մինչև վերջ պատկերը չի էլ բացվում, թե որն էր որևէ մեկի որևէ պաշտոնում նշանակելու կամ հեռացնելու իրական պատճառը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ որևէ փոփոխություն, որ արվել է բնապահպանության ոլորտում՝ եղել է շատ մակերեսային և հիմնականում դրանք հնուց եղած նախագծեր էին, որոնք տարիներով դարակներում դրված են եղել և փոքր-ինչ ձևափոխելով ներկայացվել են որպես նոր, հեղափոխական փոփոխություններ, սակայն նման բան չի եղել։ «Բնապահպանական ցանկացած ոլորտ՝ հանքեր, ՀԷԿ-եր, անտառներ, Սևանա լճի, Արարատյան դաշտի արտեզյան ավազան, ոչ մի ոլորտում, ոչ մի հեղափոխական փոփոխություն չի եղել, ոչ մի հեղափոխական կադր անգամ չի էլ նշանակվել։ Հեղափոխական ասելով նկատի չունեմ մարդ, ով մասնակցել է հեղափոխությանը, նկատի ունեմ մարդ, ով հեղափոխական փոփոխություններով կարողանար իրավիճակ փոխել ոլորտում։ Ոչ թե ասի, եթե չենք կարողանում սիգի որսի դեմ պայքարել՝ եկեք որսն օրինականացնենք, կամ անտառահատումների դեմ չենք կարողանում պայքարել՝ դա էլ օրինականացնենք ու մտցնենք հարկային դաշտ, թող գոնե հարկ վճարեն։ Կոնկրետ հանքերի ոլորտում հեղափոխական փոփոխությունների կարիք կար, ո՞վ պետք է դա առաջարկեր, ես նման առաջարկ չեմ տեսել։ Դրա համար անգամ նախարարության անունը փոխեցին, դարձրեցին Շրջակա միջավայրի նախարարություն։ Անունը փոխելն էլ շատ սիմվոլիկ է, ընդ որում՝ տերմինն էլ ռուսերենից թարգմանած է, որը նաև հայերեն էլ չի։ Դրանք կարևոր չեն թվում առաջին հայացքից, բայց տերմինները նաև մտածողություն են առաջացնում, այսինքն այդ նախարարությունը զբաղվում է մարդկանց շրջապատող միջավայրով, ոչ թե բնութան պահպանությամբ և պաշտպանությամբ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հիմա շատ բան կախված է նրանից, թե ով կլինի հաջորդ նախարարը։ «Հնարավոր է շատ ավելի վատ կադր նշանակվի»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել