Մենք վերջին 5-6 տարիների ընթացքում, անընդհատ առնչվել ենք Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, իհարկե եղել են բավականին մտահոգություններ և Կառավարությունը հետևողական է եղել մտահոգությունների հետևից գնալու և հարցերի պատասխանները ստանալու առումով:
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն ժամանակ, երբ մենք բոլոր այդ հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել այդ նախագիծը շարունակելը: Շատ ողջունելի է նաև, որ ներդրողները ցանկացել են, որ Կառավարությունը մասնակցություն ունենա այդ նախագծի մեջ, և դա ընդհանուր բաժնետոմսերի 12,5 տոկոսն է:
Այս մոդելով Ամուլսարի հանքի, բազմաթիվ մտահոգություններ փարատում է, նաև լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական զարգացման համար և մենք հույս ունենք, որ Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ և, իհարկե, Կառավարությունը արդեն որպես բաժնետեր այս հարցում կլինի հետևողական»,- ասել է վարչապետը:
Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ կառավարությանը կնվիրաբերի իր կապիտալի 12.5 տոկոս բաժնետոմսերը։
Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը, կկնքվի համապատասխան պայմանագիր։