Operativ.am-ը գրում է.

Պետքարտուղարությունը հայտարարել է COVID-19 համավարակի դեմ պայքարում եւ վակցինայի ստեղծման գործում Միացյալ Նահանգների առաջատար դերի մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Գործողությունների վերջերս ներկայացված ծրագրի համաձայն, ԱՄՆ-ը միավորում է պետական գերատեսչություններից, մասնավոր հատվածից, համալսարաններից լավագույն խելքերը եւ համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ, որպեսզի վակցինաներ եւ թերապեւտիկ միջոցներ մշակի՝ աշխարհը COVID-19-ից պաշտպանելու համար։

Ինչպես նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, Միացյալ նահանգները օգտագործում է G7-ի նախագահի իր դիրքը, որպեսզի այս պայմաններում ամրապնդի աշխարհի առաջատար ժողովրդավարությունների եւ ազատ տնտեսությունների պոտենցիալը։

ԱՄՆ-ը ողջունում է COVID-19 համավարակը մեղմացնելու եւ արմատախիլ անելու պաշարների կենտրոնացման այլ երկրների ջանքերը։ Այդ ջանքերից են երկուշաբթի Եվրոպայում անցկացվող դոնորային համաժողովը, որը, այլ բաների թվում, կնպաստի Հանուն համաճարակին պատրաստականության ոլորտում ինովացիաների կոալիցիայում ներդրումների մեծացմանը, ինչպես նաեւ Վակցինաների եւ իմունիզացիայի համաշխարհային դաշինքին անդամավճարների մուծման օգտին Մեծ Բրիտանիայում հունիսի 4-ին նախատեսված համաժողովը։

Պետքարտուղարության հայտարարության մեջ հիշատակվում է COVID-19-ի բուժման միջոցների եւ վակցինաների մշակման արագացման նախաձեռնությունը, որին մասնակցում են ավելի քան տասը առաջատար կենսադեղագործական ընկերություններ, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններ եւ ԱՄՆ այլ պետական գերատեսչություններ, ինչպես նաեւ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը։

ԱՄՆ կառավարությունը, ամերիկյան եւ միջազգային դեղագործական արդյունաբերության հետ համագործակցությամբ, ավելի քան միլիարդ դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ վակցինայի մշակման համար։

Ներկայում վակցինայի մշակման պետության կողմից հովոնավորվող երկու ծրագրեր գտնվում են կլինիկական փորձարկումների առաջին փուլում։ Պոտենցիալ վակցինաներից մեկը մշակվել է Նորվեգիայում բազավորված Հանուն համաճարակին պատրաստականության ապահովման ինովացիաների կոալիցիայի հետ համագործակցությամբ։

Միացյալ Նահանգները շարունակում է մեծացնել առողջության համաշխարհային պահպանման մեջ ներդրումները, որոնք վերջին քսան տարիներին կազմել են ավելի քան 140 միլիարդ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել