Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը չի հերքում, որ աշխատանքից ազատման դիմում է գրում, բայց և այնպես շեշտում է, որ աշխատանքից չի ազատվել:

«Փաստինֆո»-ի հարցին՝ արդյոք աշխատանքից ազատման դիմում գրել եք, Սիսեռյանը պատասխանեց. «Կարևորը, որ աշխատանքից չեմ ազատվել: Կարևոր դա է չէ՞, ուզում եք իմանալ աշխատում եմ, թե ոչ»:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է մամուլում խոսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունների լարվածության մասին: Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի քանի անգամ անհարմար դրության մեջ է դրել Ավինյանին։ Նախ, վարչապետի հրահանգով կառավարության շենքից դուրս էին հանել Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան եկած Գեորգի Մուրադյանին, ով որպես կամավոր աշխատում էր պարետատանը։

Հետո Փաշինյանի հրահանգով կապարակնքվել էր Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը, եւ նրան հատկացվել է այլ աշխատասենյակ։ Այս միջադեպից հետո Սիսեռյանն ազատման դիմում է գրել, որը դեռ չի մակագրվել։
Ի դեմ, Սիսեռյանը չի հերքել, որ կապարանքել են իր դուռը. «Մեկ անգամ արդեն ասել եմ` հարցն ուղղեք վարչապետի աշխատակազմին»,- «Հրապարակին» ասել էր նա։

«Փաստինֆո»-ն Սիսեռյանից հետաքրքրվեց՝ բացառում է, որ առաջիկայում այլեւս չզբաղեցնի ներկայիս պաշտոնը՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն ասաց. «Նման որոշում չեմ կայացրել, եթե նման որոշում կայացնեմ՝ աշխատանքից կազատվեմ»:

Ի դեպ՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի մասին հայտարարել է նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը ներկայումս նաեւ ՀՀ պարետն է։ Ճիշտ է, վերջինիս մամուլի քարտուղարը հերքել է, սակայն, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, հրաժարականի հարցը որոշված է, սակայն քննարկվում են ժամկետները, քանի որ Փաշինյանը չի ցանկանում, որ իր իշխանության համար այս ծանր փուլում փոխվարչապետի հեռացումը տեղի ունենա, քանի որ այն կարող է թուլացնել իշխանության հիմքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել