Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ եթե ինքը չլինի վարչապետը, ապա այդ պաշտոնին կգա Սերժ Սարգսյանը։ Բացարձակ համաձայն չեմ այս պնդման հետ եւ օրեր առաջ արել էի իմ առաջարկը՝ ՀՀ դիրեկտոր նշանակել հայտնի բիզնեսմեն, բարերար եւ քաղաքական գործիչ Սամվել Ալեքսանյանին։
Հաշվի առնելով, որ նորից է շրջանառության մեջ դրվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, փորձեմ ավելի մանրամասնել, թե ինչու եմ Սամվել Ալեքսանյանին համարում Հայաստանը ղեկավարելու համար ամենաարժանի գործիչը․
- Ունի երկարամյա քաղաքական փորձառություն, 15 տարի եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ Մալաթիա-Սեբաստիա համայնքում որեւէ ընտրություն չի անցել առանց նրա ակտիվ մասնակցության, տիրապետում է ընտրական տեխնոլոգիաներին եւ ունի հզոր ընտրական ռեսուրսներ։
- Ստեղծել է հսկայական բիզնես կայսրություն։ Ի տարբերություն պետությունը զավթած ներկա իշխանությունների՝ այդ իմպերիան ինքն է ստեղծել, իր ձեռքերով։
- Պատասխանատու բիզնեսմեն եւ քաղաքական գործիչ է։ Ըստ էության, տարիներ ի վեր նրան է վստահվել Հայաստան առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ մատակարարելու առաքելությունը։
- Ունի լրջագույն միջազգային համբավ, մի շարք միջազգային բրենդներ է ներկայացնում Հայաստանում։
- Մեծ բարեգործ է, միլիոնավոր գումարներ է նվիրաբերել Աննա Հակոբյանի ֆոնդերին, ինչպես նաեւ ձրի լավաշներ է բաժանել իր թաղի բնակիչներին։
- Տիրապետում է հսկայական մեդիա ռեսուրսների, հանդիսանում է հայկական ֆեյքերի բանակի 3 դիվիզիաներից մեկի հրամանատարը։
- Ի տարբերություն ներկա դասալիք իշխանավորների, ծառայել է բանակում։
- Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի եւ շատ այլ ներկա իշխանավորների՝ բանտ չի նստել, չի դատվել, կրիմինալ պատմությունների մեջ չի ներքաշվել։
Իհարկե, խնդրահարույց է այն հանգամանքը, որ, ըստ օդում պտտվող լուրերի, Սամվել Ալեքսանյանը կոռուպցիոներ է, խուսափում է հարկերից, սակայն հազիվ թե այդ գումարները գերազանցեն, օրինակ, այն 50 միլիոն դոլարը, որ ներկա իշխանավորներն են վերցրել բյուջեից որպես պարգեւավճարներ։ Իսկ Սամվել Ալեքսանյանի տնօրինության օրոք չեն լինի նման կոռուպցիոներներ։
Քանի որ տնօրեն նշանակելը հակասում է Սահմանադրությանը, ապա որպես անցումային առաջին քայլ կարելի է խնդրել, որ պարոն Ալեքսանյանը դառնա վարչապետ, մինչեւ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինն ավարտվի, որից հետո հանրաքվեով վերացնենք Ազգային Ժողովը, Կառավարությունը եւ այլ ավելորդ մարմինները եւ հաստատենք դիրեկտորի ինստիտուտը։
Այս առաջարկը մեկ շաբաթով դնում եմ իմ ֆեյսբուքյան ընկերների քննարկմանը եւ դրական արձագանքի դեպքում պետք է սկսենք Սամվել Ալեքսանյանին ազգովի խնդրելու գործընթացը։