Այսօր շատերս ենք ձգտում հնարավորության սահմաններում առողջ սնունդ օգտագործել։
Իրենց սննդակարգին հետևող մարդիկ հաճախ հրաժարվում են նաև խմորիչով հացից, ինչին փոխարինելու է գալիս թթխմորով հացը։
Տնային պայմաններում թթխմոր պատրաստելը բարդ չէ, կարևորը համբերությամբ զինվելն է, քանի որ թթխմորի հասունացման համար մի քանի օր է հարկավոր։
Այսօր առաջարկում ենք տարեկանի ալյուրով թթխմոր պատրաստել տնային պայմաններում, ինչի համար մեզ անհրաժեշտ է․
- Տարեկանի ալյուր
- Ջուր
Պատրաստման եղանակը
1. Առաջին օրը բանկայի մեջ խառնեք 50 գրամ գոլ ջուր և 50 գրամ տարեկանի ալյուր։ Խառնեք, բանկան փակեք անցքերով կափարիչով։ Թողեք խոհանոցում, սենյակային ջերմաստիճանում։
2. Երկրորդ օրն ավելացրեք 25 գրամ ջուր և 25 գրամ ալյուր, խառնեք:
Եթե ձեր թթխմորը օրվա ընթացքում ծակոտկեն չդառնա, ուրեմն այն չի ստացվել, թափեք և նոր ալյուրով պատրաստեք։
Լավ ալյուրից թթխմորը պետք է մեկ օրվա ընթացքում բարձրանա։ Եթե թթխմորը մեկ օրում բարձրացել է, իսկ հետո իջել, ուրեմն նրան կերակրելու ժամանակն է։
Հիմա լավ մանրէների խտությունը մեծացնելու համար թթխմորի մի մասը պետք է թափել։
Թողեք միայն 75 գրամ և դրան 25 գրամ ալյուր և 25 գրամ ջուր ավելացրեք, խառնեք։ Նորից փակեք կափարիչով և թողեք խոհանոցում։
3. Հաջորդ առավոտյան վերցրեք այդ թթխմորից 50 գրամը, մնացածը թափեք։ Ավելացրեք 50 գրամին 25 գրամ ալյուր և 25 գրամ ջուր։ Փակեք անցքերով փայլաթիթեղով։
4. Չորրորդ օրը վերցրեք 50 գրամ թթխմոր, ավելացրեք վրա 25-ական գրամ ջուր և ալյոիր, լավ խառնեք, փակեք փայլաթիթեղով։
5. Հինգերորդ օրը նույնը կրկնեք։
6. Եթե վեցերորդ օրը թթխմոր բարձրանա 2 անգամ և հաճելի բույր ունենա, նշանակում է բեկումնային պահն է․ ժամանակն է այն սառնարան տեղափոխել։ Վերցրեք 50 գրամ թթխմոր, ավելացրեք 25-ական գրամ ջուր և ալյուր, լավ խառնեք և դրեք սառնարանում՝ բերանը փակ։
7. Եթե գիշերվանից հետո սառնարանում թթխմորը լավ բարձրացել է, ուրեմն անցնում ենք՝ 1-ին 2 կերակրմանը․ Վերցնում ենք 25 գրամ թթխմոր, ավելացնում ենք 50-ական գրամ ջուր և ալյուր։ Լավ խառնում ենք, ծածկում բերանը և դնում սառնարանը 2 օրով։
8. 9-րդ օրը կերակրումը տեղի է ունենում 1-ին 4 չափաբաժնով։ 30 գրամ թթխմորին ավելացնում ենք 120 գրամ ջուր և 120 գրամ ալյուր։ Երկու օրից դուք բավական թթխմոր կունենաք՝ թե իրեն պահելու, թե 3-4 օրը մեկ հաց թխելու համար։
Օգտակար խորհուրդներ թթխմոր պատրաստելիս
- Թթխմորի համար ամենահարմարը տարեկանի ալյուրն է։
- Հասունացման ընթացքում խմորը կարող է շարժվել, բլթբլթալ և չափերով ավելանալ։
- Եթե թթխմորը գույնը փոխել է (կարմիր, կանաչ, կապույտ կամ սև) և տհաճ հոտ ունի, նշանակում է, որ այն փչացել է և արդեն պիտանի չէ։
- Որպեսզի ամեն անգամ խմորիչի հասունացման համար 5 օր չսպասեք, միշտ 4-5 ճ/գդ թթխմոր պահեք սառնարանում։