Operativ.am-ը գրում է.
Չինաստանի պետական վերահսկիչ հանձնաժողովը սկսել է հետաքննություն երկրի հանրային անվտանգության փոխնախարար Սուն Լիցզյունի նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կառույցի կայքում տեղադրված հայտարարությանը։
«Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Սուն Լիցզյունը կասկածվում է կարգապահության եւ օրենքի լուրջ խախտումների մեջ։ Ներկայում Պետական վերահսկիչ հանձնաժողովը վարում է հետաքննություն նրա նկատմամբ»,-ասված է փաստաթղթում։
Ներկայում Սուն Լիցզյունի մասին տեղեկատվությունը հեռացվել է նախարարության կայքից եւ ղեկավարության բաժնում նրա մասին նշված չէ։ Հայտնի է, որ նա ավարտել է Ավստրալիայում Նոր Հարավային Ուելսի համալսարանը հանրային առողջապահություն եւ քաղաքային տնտեսության կառավարում մասնագիտությամբ, ունի մագիստրոսի աստիճան։ Չի նշվում, թե երբ է նա նշանակվել փոխնախարարի պաշտոնում։
Սուն Լիցզյունը Չինաստանի կենտրոնական կառավարության հատուկ հանձնաժողովի անդամ էր․ հանձնաժողովը հետաքննություն է անցկացրել Հուբեյ նահանգում․ հետաքննել է կորոնավիրուսի համաճարակի վաղ փուլում իշխանությունների գործողությունները։ Այդ ստուգումների արդյունքում Ուհան քաղաքի եւ Հուբեյ նահանգի կառավարության մի շարք պաշտոնատար անձինք հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։
Սուն Լիցզյունն աշխատել է Հուբեյ նահանգում առնվազն մեկ ամիս եւ մի քանի անգամ հայտնվել տարածաշրջանային հեռուստատեսության ռեպորտաժներում․ օրինակ՝ մարտի 9-ին նա նշել էր Ուհանում ծառայության ընթացքում տարբերվող ոստիկաններին։