Կորոնավիրուսից մահացությունը որոշվում է ելնելով ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների և բուժման մեջ գտնվողների հարաբերակցությունից: Այսպիսի մոտեցման արդյունքում համաշխարհային մակարդակով այն կազմում է 4% (Բուժվողներ- 1.502.763; 96% ; ծանր հիվանդներ-55.383; 4%), որից եզրակացնում են, թե մահացությունն առանձնապես բարձր չէ, մանավանդ, որ մահացածների տարիքային սահմանն էլ 70+ է: ՛՛Չափման՛՛այսպիսի մոտեցման պարագայում Իսպանիայում կորուստները կազմում են 8%, Իտալիայում՝ 3%, Ֆրանսիա՝ 6%, Գերմանիա՝ 6%, այսինքն, անհանգստանալու, առավել ևս տագնապելու կարիք, կարծես, չկա… Այս մոտեցումը, մեղմ ասած, այնքան էլ արժանահավատ չէ, քանզի այս տոկոսները որոշվում են երկու անորոշությունների հարաբերակցությամբ: Ոչ ոք չի կարող ասել, թե ծանր հիվանդներից քանիսը կմահանա և ոչ ոք չի կարող ասել, թե բուժվողներից քանիսի վիճակը կդառնա անհույս ծանր:
Պատկերը կտրուկ փոխվում է, երբ համեմատում ենք երկու որոշակի մեծություններ. երբ արդեն մահացածների թվաքանակը հարաբերում ենք արդեն հիվանդությունից բուժվածների թվաքանակին: Այս պարագայում, ըստ երկրների, բավականին ծանր պատկեր է ստացվում: Այսպես. ԱՄՆ- ն այսօր ունի 40% մահացած և 60% բուժված, Իսպանիա՝ մահացած 21%, Իտալիա՝ մահացած-36%, Ֆրանսիա-35%, Թուրքիա-25%, Ուկրաինա-38%, Կանադա-10,4%, Ռուսաստան-9,1%, ՈՒհան- 6%, Հայաստան-5,6%, Վրաստան-4,2%, աշխարհ-21%: Մեր նման երկրները, որոնք քիչ թե շատ լուրջ են մոտեցել խնդրին և դեռ չեն հասկացել, որ կորոնավիրուսի միջոցով ՛՛իրենց համար՛՛ ինչ որ խնդիրներ կարող են լուծել, կմնան 5-10 %-ի սահմաններում:
Առաջին տպավորությունն այն է, կարծես քաղաքակիրթ կոչված աշխարհն ԱՄՆ-ի գլխավորությամբ կորոնավիրուսի միջոցով լուծում են իրենց կառավարությունների վրա ծանր բեռ դարձած ծերանոցների ու սոցիալական տների խնդիրները: Կարծում եմ, Իսպանիայի 21%-ի մեջ չեն մտած կամ մասամբ են մտած ծերանոցներում մահացածները: Իսկ ԱՄՆ-ի թվերն ահավոր են… Գրեթե համոզված եմ, վաղը, մյուս օրը պարզվելու է, որ ոչ միայն ԱՄՆ-ի ծերանոցների բնակիչներն են ամենամեծ տուժածները, այլ նաև ամերիկյան մեգապոլիսների անտունները, սևամորթների, ՛՛գունավորների՛՛ թաղամասերը…Դատական գործեր են հարուցվելու…Մեղավորներ են գտնվելու, մարդիկ են բանտարկվելու... Դեռ ինչե՞ր են լինելու: Այնպես որ, կորոնավիրուսի այս ՛՛խմորը՛՛ դեռ շատ ջուր է քաշելու…