Operativ.am-ը գրում է.

Չինաստանում, տարվա այս հատվածում, սովորաբար, արդեն իսկ 6 մլն ավտոմեքենա է վաճառված լինում, սակայն այս տարի այդ ցուցանիշը հազիվ մոտեցել 3.7 մլն-ի:

Ինչպես հայտնում է CNN-ը, կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում մեքենաշինական արդյունաբերությանն աջակցելու և կորոնավիրուսի համավարակի պատճառով վաճառքի անկում ապրող ծավալները վերականգնելու համար:

Երկրի ղեկավարությունն անցյալ ամիս հայտարարել է, որ երկու տարով կերկարաձգի հարկային արտոնությունների ժամկետը էլեկտրոնային և հիբրիդային մեքենաներ արտադրող ընկերությունների համար:

Բացի այդ, նահանգների ղեկավարներն, իրենց հերթին, մեքենաշինության ոլորտին աջակցելու ծրագիր են մշակել: Առնվազն տասնյակ քաղաքներում մարդկանց խրախուսում են մեքենաներ գնել՝ պարզապես դրամական օժանդակություն առաջարկելով՝ յուրաքանչյուր մեքենայի համար 1400 դոլարի չափով:

Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի տվյալներով՝ երկրում մեքենաների վաճառքի ծավալները 2020թ. առաջին եռամյսակում նախորդ տարվա համեմատ նվազել են 42 տոկոսով: Վաճառված մեքենաների քանակը կազմում է 1.43 մլն:

Մեքենաշինությունը Չինաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներից է, որը զբաղվածություն է ապահովում ավելի քան 40 մլն բնակիչների համար: Այս հատվածի ամենամյա եկամուտը հասնում է 1 տրիլիոն դոլարի, որը կազմում է Չինաստանի արտադրական ոլորտի եկամտի 10 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել