Operativ.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքից հետո Հարավային Կորեան նախատեսում է կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ ուղարկել ԱՄՆ, հայտնում է Սեուլի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:
Թրամփը համապատասխան խնդրանքով դիմել էր մարտի 25-ին նախագահ Մուն Չժե-ինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Հարավկորեաական ընկերություններն ավելի վաղ եւս թեստեր էին մատակարարում ԱՄՆ քաղաքներին, այդ թվում` Լոս Անջելեսին, սակայն սա ԱՄՆ դաշնային կառավարության առաջին զանգվածային պատվերն է:
ԱՄՆ արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության բեռնատար ինքնաթիռը սարքավորումներով պետք է թռնի երեքշաբթի` երեկոյան ժամը 10:30-ին, հայտարարել է պաշտոնյան անանունության պայմանով` խնդրի դիվանագիտական գաղտնիության նկատառումներով: ԱՄՆ-ն արդեն վճարել է մատակարարումների համար:
Ըստ պաշտոնյայի` մոտ ժամանակներս կարտահանվի թեստերի լրացուցիչ փաթեթը: Պաշտոնյայի խոսքով` ՊՇՌ-ի համար հավաքածուները ձեռք կբերվեն երեք ընկերությունից, որոնք նախորդ ամսվա վերջին ստացել են ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի որակի հսկողության վարչության (FDA) նախնական հաստատումը` ԱՄՆ հավաքածուների արտահանման համար: