Factor.am-ը գրում է․

Արցախում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքով պայմանավորված՝ Արցախի նախագահի ընտրությունների 2-րդ փուլի հնարավոր հետաձգման վերաբերյալ Factor.am-ն այսօր մեկնաբանություն ստացավ Արցախի նախագահի խոսնակ, «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ, ԱՀ նախագահի ընտրությունների 1-ին փուլին մասնակցած Դավիթ Բաբայանից։

«Այստեղ պետք է կայացվի առողջապահական որոշում, ոչ թե՝ քաղաքական։ Մենք պետք է սպասենք առողջապահության նախարարության գնահատականին։ Այս պահի դրությամբ դժվարանում եմ ինչ-որ բան ասել»,- մեզ հետ զրույցում նշեց Բաբայանը՝ խոսելով ընտրության հնարավոր հետաձգման վերաբերյալ։

Ճշտմանն՝ ինչ որոշում էլ կայացվի, երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներն էլ պետք է հաշվի՞ նստեն՝ Արցախի նախագահի խոսնակն ասաց. «Չպետք է լինի քաղաքական որոշում»։

Այսինքն, եթե որոշվի հետաձգել, թեկնածուները պե՞տք է ընդառաջ գնան այդ որոշմանը, թե պետք է ասեն՝ 1-ին փուլը եղել է, 2-րդն էլ հիմա պետք է կայանա՝ Բաբայանն արձագանքեց. «1-ին փուլը եղել է, և դա կարևոր է, որ եղել է։ Եվ հիմա, որպեսզի հանկարծ քաղաքական բախում չլինի՝ 2-րդ փուլի վերաբերյալ առողջապահական որոշում պետք է ընդունվի»։

Հիշեցնենք. այսօր Արցախի առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Երևան ուղարկված փորձանմուշների թեստավորման արդյունքում Արցախում մեկուսացված երկու անձանցից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։

Նշենք նաև, որ Արցախի նախագահի ընտրության 2-րդ փուլը նախանշված է ապրիլի 14-ին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել