Առողջ մարդկանցից չի պահանջվում դիմակ կրել, դիմակը չի կարող կորոնավիրուսից պաշտպանվելու երաշխիք հանդիսանալ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Յազարեվիչը` մեկնաբանելով դիմակների մեծ տարածումն ու պահանջարկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել: Առողջ մարդկանցից չի պահանջվում դիմակ կրել: Այն մարդիկ, որոնք ախտանշաններ ունեն, պետք է դիմակ կրեն այլ մարդկանց պաշտպանելու համար: Դիմակ պետք է կրեն նաև այն մարդիկ, ովքեր խնամում են հիվանդներին, օրինակ՝ տանը, քանի որ նրանք կարող են վարակվել»,- ասել է Յազարեվիչը:
Նա ընդգծել է, որ դիմակն ինքնին չի կարող վարակից պաշտպանվելու երաշխիք հանդիսանալ:
Ըստ ԱՀԿ-ի ներկայացուցչի, դիմակը պետք է կիրառվի մյուս քայլերին զուգահեռ: Նա նաեւ ասել է, որ նույնիսկ դիմակ կրելու ժամանակ չի կարելի հաճախ ձեռք տալ դեմքին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում: