Pastinfo.am-ը գրում է․

Դատախազությունը չի բողոքարկի Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Դատախազությունն այդ գործով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք չի ներկայացնելու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանն այդ որոշմամբ հիմնավոր է համարել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը՝ նշելով դրա հիմնավորոմները, ինչը վիճարկելու բավարար հիմքերը բացակայում են:

«Քրեական գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում, արդեն իսկ կատարվել են հիմնական բոլոր քննչական, դատավարական այլ գործողությունները, ինչի պայմաններում նշանակալիորեն նվազել են մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ազատության մեջ գտնվելու պայմանները խախտելու ռիսկերը: Այդ պայմանների խախտման փաստ հայտնաբերվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կրկին կներկայացվի կալանքի միջնորդություն: Հարկ եմ համարում ևս մեկ անգամ պարզբանել, որ կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառումը մեղադրյալի նկատմամբ պատժի, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոց չէ և հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ»,- նշեց Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության միակ մեղադրյալը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է՝ Զավեն Գրիգորյանը, թեեւ մամուլի տեղեկություններով փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները։

Քրեական գործով միակ մեղադրյալին՝ Գրիգորյանին, գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, ով համարվում է վատագույն վարկանիշն ունեցող դատավորը։ 2019թ.-ին նա եղել է ամենացածր վարկանիշն ունեցող դատավորը՝ -43 միավորով, իսկ այս տարի ունի արդեն -15 միավոր։

Ծեծված փոխգնդապետը շուրջ 6 ամիս է, գտնվում է կոմայի մեջ։ Վերջինիս հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով վերականգնել արդարությունը։ Գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը հայտնել էր, որ ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմեն ՄԻԵԴ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Ի դեպ, նշենք, որ ավարտվել է նաեւ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գործով նախաքննությունը, ավելին՝ այն նաեւ ուղարկվել է դատարան ու մակագրվել   Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին: Սակայն այս դեպքում դատախազությունը հայտարարել է, որ բողոքարկելու է նրան արգելանքից ազատելու վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ անգամ առանց որոշման բովանդակությանը ծանոթանալու։ Հայտնի է միայն, որ վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց վերացրել էր հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել