Մարտի մեկի գործով վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է Սահամանդրական դատարան։ Այս մասին ԱԺ-ում պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Վճռաբեկ դատարանին խնդրել ենք քննարկել՝ արդյոք դատավարական հնարավորություն կտրվի վարույթն իրականացնող մարմնին որակումը փոխելու, նախկին որակումը, որ ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, մեզ թույլ չի տալիս, որ այլ հոդվածով արարքը վերաորակենք այն անձանց մասով, ովքեր միչդատական վարույթում են։
Իհարկե վերաորակումը տեղի է ունեցել, բայց դատական քննության փուլում այդ գործիքակազմը չկա, և դա ենք խնդրում ՍԴ-ից»,- ասաց նա։
Վարդապետյանը նշեց՝ սպասում են, թե ինչ դիրքորոշում կհայտնի ՍԴ-ն, որ հասկանան՝ կարո՞ղ են արդյոք երեք նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել, սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները բերել պաշտոնական հանցագործությունների տիրույթ։
Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործին՝ դատախազն ասաց, որ նախաքննական մարմինն է փոխվել, դեռ այս պահին նոր տվյալ չկա այդ գործի հետ կապված։
Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանն էլ ճշտեց՝ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվա՞ծ է և քննությունը շարունակվո՞ւմ է, ինչին Վարդապետյանը դրական պատասխան տվեց։