Համաձայն նոր ուսումնասիրության՝ գլխի թեքությունն էականորեն ազդում է այն բանի վրա, թե ինչպիսի տեսք ունի մարդը և ինչպիսինն են նրան ընկալում շրջապատում:
Մեծ Բրիտանիայի Սենթ-Էնդրյուսկի համալսարանի հոգեբաններն ու նեյրոկենսաբանները որոշել են ստուգել՝ որքան է ազդում կեցվածքը մեր արտաքին տեսքի վրա և այն բանի վրա, թե ինչպես են մեզ տեսնում այլք: Նրանք լուսանկարել են 24 կամավորների երեքական անգամ. լուսանկարներից մեկում մարդը գլուխն ուղիղ է պահում, երկրորդում՝ 20 աստիճան վերև, իսկ երրորդում՝ իջեցնում է 20 աստիճան ներքև: Միաժամանակ մարդու հայացքը սևեռվում է տեսախցիկին: Հետագայում գիտնականներն այլ մարդկանց խնդրել են գնահատել յուրաքանչյուր լուսանկարում պատկերված մարդու բնավորությունը:
Ինչպես ցույց է տվել հարցումը՝ գլխի մի փոքր ներքև իջած դիրքը իշխող մարդու տպավորություն է ստեղծում: Գլուխը վերև բարձրացրած մարդը ամբարտավան ու անտարբեր մարդու տպավորություն է թողնում: Որպեսզի մարդը երևա բաց և վստահություն ներշնչի, պետք է գլուխն ուղիղ պահի: Գիտնականներն այս երևույթը պայմանավորում են նրանով, որ գլուխը ներքև իջեցնելիս բերանն ինքնաբերաբար կիսաժպտում է, միաժամանակ ներքև են իջնում ունքերը՝ դեմքի արտահայտությունը դարձնելով թշնամական: Վերև բարձրացած գլուխը հակառակ տպավորությունն է գործում. բերանը ներքև է իջնում, իսկ ունքերը՝ բարձրանում: Perception ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մարդիկ չեն կարող օբյեկտիվորեն գնահատել դիմացինի արտաքինը: Դիտանկյունը փոում է դիմացինի դեմքի արտահայտությունը, չնայած որ նրա բնավորության գծերն իրականում անփոփոխ են մնում:



