Վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ գրեթե 78 մլրդ դոլար են կորցրել Նյու Յորքի ֆոնդային սակարանում առեւտրային նստաշրջանի արդյունքներով հանգուցային ինդեքսների 1987 թվականից ի վեր ամենախոշոր փլուզման պատճառով: Այս տվյալները ներկայացնում է Forbes հրատարակությունը:
Forbes-ի փորձագետները հաշվել են, որ առավել մեծ կորուստները կրել է Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որն իր ընկերության բաժնետոմսերի արժեքի 8 տոկոս նվազումից հետո կորցրել է գրեթե 8 մլրդ դոլար: Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի՝ Բեռնար Առնոյի կարողությունը մեկ օրում նվազել է 7,7 մլրդ դոլարով: Forbes-ի ցուցակում տեղ է գտել նաեւ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը կորցրել է 5,7 մլրդ դոլար, եւ միլիարդատեր Լարի Էլիսոննը, որի կարողությունը նվազել է 5,6 մլրդ դոլարով:
Մարտի 12-ին հանգուցային ինդեքսներն ավելի քան 9 տոկոսով ընկել են Նյու Յորքի ֆոնդային սակարանի առեւտրական նստաշրջանի արդյունքներով այն երկյուղների ֆոնին, որոնք վերաբերում են նոր կորոնավիրուսի տարածմանը: Սա գնանշումների խոշորագույն փլուզումն է 1987 թվականի հոկտեմբերից ի վեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: