Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակի երեք նոր դեպք է գրանցվել, այս անգամ՝ Իտալիայից ժամանած ուղևորների մոտ։ Այս ընթացքում բուն Իտալիայում վարակվածների թիվը հասավ 12 000 մարդու, բնակչության մեկ շնչի հաշվով դա համարյա 4 անգամ ավելի շատ է, քան Չինաստանում։ Իտալիայում վարակի դեմ անարդյունավետ պայքարը բերել է նաև նրան, որ այն արագ տարածվում է Եվրոպայի այլ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում և Իսպանիայում։
Հիվանդությունն արագ տարածվում է նաև մնացած աշխարհում, և երեկ առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ այն վերածվել է պանդեմիայի (համաշխարհային համաճարակի): Երեկ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ 30 օրով դադարեցվում է Եվրոպայից այցելուների մուտքը ԱՄՆ, սա աննախադեպ երևույթ է վերջին տասնամյակների պատմության մեջ։ Համաճարակը դարձավ գլոբալ աղետ, և այլևս ոչ մի երկիր երաշխավորված չէ նրա հարվածից։
Ժամանակն է, որ մենք դա գիտակցենք։ Վերջին շաբաթվա ընթացքում ողջ թափով վերսկսված ատելության քարոզը և համաճարակը, միասին վերցված, կարող են անուղղելի հարված հասցնել մեր արդեն իսկ թուլացած իմունիտետով երկրին ու ժողովրդին։ Ժամանակն է դա վերջապես գիտակցելու, դադարացնել առաջինը և սկսել իրապես պայքարել երկրորդի դեմ։ Չեղարկե՛ք անիմաստ և վնասակար հանրաքվեն, դադարեցրե՛ք ատելության քարոզարշավը, խստացրե՛ք վերահսկողությունը սահմաններին, մարդկանց, ըստ հնարավորության, տուն ուղարկե՛ք, գնե՛ք անհրաժեշտ դեղամիջոցներ և սարքավորում և պատրաստվե՛ք դիմագրավել համաճարակին։