Մահճակալի վրա մենք անցկացնում ենք մեր կյանքի ահռելի մասը։ Այն հարմարավետ է և փափուկ, օգնում է հանգստանալ և վերականգնել ուժերը։ Սակայն նախկինում մարդիկ մահճակալն օգտագործում էին ոչ միայն քնի, այլև պաշտպանության համար։ Հաճախ այն տեղադրում էին բարձրության վրա՝ վտանգավոր միջատներից, կրծողներից, կեղտից ու ցրտից պաշտպանվելու համար։ Հազարամյակներ շարունակ ննջասենյակի տեսքն ու նշանակությունը փոփոխվել է, և ժամանակակից մարդը, ինչպես և իր նախնիները, շարունակում է կատարելագործել կահույքի այս տեսակը։

Հնագույն մարդիկ ապրում էին քարանձավներում և քնում էին գետնի վրա։ Եթե ցրտում էր, նրանք ծածկվում էին սպանված կենդանիների մորթիներով։ Շոգ եղանակին քնում էին ճյուղերի ու տերևների վրա։ Շոտլանդիայի գյուղերում հայտնաբերվել են մ.թ.ա. 3200-2200 թթ. պատրաստված մահճակալներ, որոնց արտաքին տեսքը չափազանց հետաքրքիրն է. դրանք նման են քարերից պատրաստված արկղերի, որոնք գետնից վերև էին դրվում և լցվում էին փափուկ նյութով։
Հին Եգիպտոսում մ.թ.ա. դեռևս 3400 թ. մարդիկ քնում էին արմավենու տերևների վրա։ Նման «մահճակալները» եգիպտացիները տեղադրում էին տան անկյունային հատվածներում։ Ավելի ուշ նրանք սկսեցին փափուկ ներքնակներ պատրաստել եղեգից։ Եգիպտացիների համար մահճակալներն այնքան մեծ նշանակություն ունեին, որ նրանք դրանք տեղադրում էին հայտնի մարդկանց գերեզմաններում՝ այլ կարևոր իրերի հետ միասին։ Եգիպտոսում է ստեղծվել ոտքերով առաջին մահճակալը, որը ժամանակակից մահճակալ է հիշեցնում։ Իհարկե, նման ճոխություն իրենց թույլ տալ կարող էին միայն հարուստները։ Մահճակալները ոսկեզօծված էին և պատրաստված էին փայտից։ Սակայն չկային բարձեր. գլուխը դնում էին քարերի վրա։

Մահճակալները զարդարել առաջին անգամ փորձել են Պարսկաստանում և Հունաստանում։ Մարդիկ ցանկանում էին իրենց ննջելու վայրն առավել գեղեցիկ և շքեղ դարձնել, զարդարել այն փղոսկրով, մետաղներով։ Հույները մահճակալի շրջանակը պատրաստում էին փայտից, իսկ գլխամասում տախտակ էին տեղադրում։
Հռոմեական կայսրությունում մահճակալները շատ բարձր էին, և դրանց վրա բարձրանալու համար օժանդակող հարմարանքներ էին անհրաժեշտ։ Ներքնակները հռոմեացիները պատրաստում էին բրդից, փետուրներից ու մորթուց։ Ծածկոցները ոսկե թելերով էին զարդարում։ Հռոմեացիները մահճակալները մի քանի տեսակի էին բաժանում՝ քնի համար, ամուսնական, կրթության համար, սնվելու համար։ Հանգուցյալների համար ևս հատուկ մահճակալներ էին պատրաստվում, որոնք այրվում էին դիակի հետ միասին։
Միջին դարերում մարդիկ հայտնագործեցին ծալովի մահճակալներն ու բարձերը, իսկ 15-րդ դարում սկսեցին նախընտրել քնել մեծ մահճակալների վրա։ 17-րդ դարն անվանում էին Շքեղ մահճակալների դար։ Երկաթե մահճակալներն ի հայտ են եկել 18-րդ դարում և փոխարինել են փայտյաներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



