Չինացի գիտնականները պատմել են COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ախտանշանների փոփոխության մասին։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով Social Science Research Network (SSRN) կայքին։
Հետազոտության ընթացքում գիտնականները հետևել են Ուհանից 89 հիվանդների։ Նրանք պարզել են, որ կորոնավիրուսով ավելի ուշ վարակվածների մոտ հիվանդությունն այդքան ակնհայտ չի արտահայտվել։
Հրապարակված տվյալների համաձայն՝ ավելի վաղ վարակվածների մոտ բարձր ջերմություն, խորխ, մկանային ցավ, լիմֆոցիտների ցածր մակարդակ, ինչպես նաև թուլություն է նկատվել։ Ավելի ուշ վարակվածների խմբում ախտանշանները կամ բացակայել են, կամ շատ թույլ են արտահայտված եղել։
Գիտնականների կարծիքով, COVID-2019 կորոնավիրուսը ձևափոխվում է գրիպի նման վարակի։ Նրանք ավելացրել են, որ COVID-2019-ը մուտացվում է և կարող է տարբեր կերպ դրսևորվել։