Խորվաթիայի առողջապահության նախարար Վիլլի Բերոշը որոշում է ընդունել երկրում համաճարակ հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, չնայած այն բանին, որ հանրապետությունում հիվանդացածների թիվն առայժմ չի գերազանցել տասը: Այդ մասին հայտնել է HINA պետական լրատվական գործակալությունը:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները, նախարարի այս քայլը վարչական միջոցառում է՝ ուղղված ստեղծվող համաճարակաբանական պայմաններում հակազդման համակարգի բարելավմանը: «Այդ վարչական միջոցառումը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել առողջապահության համակարգը նմանօրինակ ճգնաժամային իրավիճակում»,-ճշտել է Բերոշը: Առողջապահության նախարարի օգնական Դամիր Տրուտի խոսքով՝ այս փուլում կորոնավիրուսով նոր վարակվածներ դեռեւս չեն հայտնաբերվել: «Խորվաթիայում մինչեւ այժմ գրանցված է կորոնավիրուսով տասը հիվանդ. երեքը՝ Զագրեբում, հինգը՝ Ռիեկում եւ երկուսը՝ Վարաժդինում»,-հիշեցրել է նա: Ինչպես իր հերթին նշել է Զագրեբի ինֆեկցիոն կլինիկայի տնօրեն Ալեմկա Մարկոտիչը, կորոնավիրուսով վարակվածները մեկուսացված են հիվանդանոցում եւ բուժընթաց են անցնում, նրանց վիճակը կայուն է:
Խորվաթիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 25-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: