Operativ.am-ը գրում է.
Չինաստանի ԱԳՆ-ը աշխարհում կորոնավիրուսի տարածման համար արդարանալու որեւէ հիմք չի տեսնում, թեեւ այն առաջին անգամ գրանցվել է չինական Ուհան քաղաքում։ Այսպես է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հինգշաբթի օրը ճեպազրույցում մեկնաբանել է Fox News հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ջեսի Ուոթերսի կարծիքն այն մասին, որ Պեկինին անհրաժեշտ է ներողություն խնդրել կորոնավիրուսի բռնկման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Կորոնավիրուսը մարդկության ընդհանուր թշնամին է, դրանից տառապում են շատ երկրների բնակիչներ։ Այն կարծիքը, որ Չինաստանը պետք է ներողություն խնդրի, բացարձակ մերկապարանոց է եւ անհիմն»,- նրա խոսքերն է մեջբերում ՉԺՀ ԱԳՆ կայքը։
Լիցզյանը նաեւ ընդգծել է, թե «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս հայտարարել է, որ երկրներին եւ մարդկանց սեւացնելը իր մեջ ավելի մեծ վտանգ էպարունակում, քան վիրուսն ինքը»։ «Տվյալ պահին կորոնավիրուսի ծագումը դեռ պարզված չէ, եւ կարեւոր չէ, թե որտեղ է այն հայտնվել։ Ինչպես Չիանստանը, այնպես էլ մյուս երկրները նրա զոհն են դարձել եւ համատեղ դիմակայում են նրա տարածման սպառնալիքին»,- նշել է Չժաո Լիցզյանը։
«2009թ․ ԱՄՆ-ում խոզի գրիպի բռնկումից աշխարհի 214 երկրներում եւ տարածաշրջաններում ավելի քան 18 000 մարդ մահացավ։ Խնդրե՞ց այն ժամանակ որեւէ մեկը Վաշինգտոնին ներողություն հայցել»,- հավելել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։