Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Էստոնիան Ռուսաստանին մեղադրել են անցած տարվա հոկտեմբերին Վրաստանին կիբերհարձակման ենթարկելու մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան հայտարարությանը հղումով:
ՄԱԿ-ում Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը հայտարարել է, որ գրոհներն իրականացվել են ԳՀՎ-ի կողմից՝ Վրաստանի քաղաքացիների շրջանում տարաձայնություններ սերմանելու և նրանց կյանքը փչացնելու նպատակով: Նրա կարծիքով, դրանք Ռուսաստանի կողմից իրականացվող Վրաստանի դեմ ուղղված արշավի մի մասն են: Սակայն նա կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել:
Փետրվարի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ ռուսական կողմը 2019 թվականի հոկտեմբերին կիբերհարձակումներ է իրականացրել Վրաստանի դեմ: Նա պարզաբանել էր, որ դրա պատճառով խափանվել է երկրի կառավարության, մի քանի մասնավոր կայքերի և երկու խոշոր հեռուստակայանների աշխատանքը: Նման հայտարարություններ են արել նաև Վրաստանի կառավարության ներկայացուցիչները:
Ռուսական կողմը հերքել է բոլոր մեղադրանքները:



