Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետին հարց ուղղեց Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի միջոցների եւ հայտնաբերված աշխատատեղերի անհամապատասխանության մասին։ 

Ուրիխանյանն ասաց, որ իր հարցը այն գումարների մասին է, որոնց «լինելու տեղը այդպես էլ չէինք կարողանում հայտնաբերել»։ Պատգամավորը նշեց, որ վարչապետի աշխատակազմից գրություն է ստացել, որտեղ նշվում է, որ այս պահին առկա է 1.9 միլիարդ դրամ չվճարված դրոշմանիշային վճարների կուտակված պարտավորություն, որի հավաքագրումների ուղղությամբ ՊԵԿ-ը վարչարարություն է իրականացնում։ Նրա խոսքով, դատախազությունից նշել են , որ հաշվետվության դրոշմանիշային վճարների մուտքերի միջեւ տարբերությունը օբյեկտիվ է։ Դատախազությունը «ամիս-մուտք ամիս-պարտավորության մասին հեքիաթ» է ուղարկել եւ նշել է, որ հարկային գաղտնի եւ հրապարակման ոչ ենթակա որոշ տվյալներ կան, որոնք չեն արտացոլվում հաշվետվություններում։

«Ի՞նչ գաղտնի ծախսեր կարող են լինել, էդ գումարները էդտե՞ղ են անհետացել»,-հարցրեց Ուրիխանյանը՝ նշելով, որ նախկինում մոտ 80 միլիոն դրամ էին փնտրում, հիմա այդ գումարը 1.9 միլիարդ դրամ է դարձել։

«Դուք ինքներդ հոգաբարձուների խորհրդի անդամ եք եւ հնարավորություն ունեք բոլոր գումարների ծախսերն էլ, մուտքերն էլ, ելքերն էլ ստուգել, ինչի՞ եք կառավարությանը հարցնում, մեզ մեղադրում եք ինչի՞ մեջ, որ թվերի անհամապատասխանություն կա՞»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինչպեսն ինքն է հիշում, ի տարբերություն հարկերի, այդ գումարները վճարելու ընթացակարգն այլ է եւ այլ ժամանակացույց ունի։

«Ո՞վ է գաղտնի ծախսե՞լ, չգիտեմ, Դուք եք հոգաբարձուների խորհրդի անդամ, ճիշտ է՝ նախարարը հոգաբարձուների խորհրդի նախագահն է, աուդիտ հրավիրեք՝ ստուգեք, պե՞տք է ՊՎԾ-ին հրավիրենք ստուգեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, ուղղակի չեմ հասկանում՝ ես ո՞ր հարցին պետք է պատասխանեմ, ի՞նչը էնպես չենք արել»,-շարունակեց վարչապետը։

Պատգամավորը հիշեցրեց. «Էն որ ասում էինք՝ եկեք, միասին աշխատենք, ստեղծենք խումբ , ստուգենք, ես որքան կարողացել եմ՝ ուսումնասիրել եմ, բայց ես չեմ ստուգողը, այո , որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, ես հայտնաբերել եմ, որ գրված է՝ վճարված գումարներ, բայց այդ վճարված գումարները չի բռնում հայտնաբերված աշխատատեղերի հետ։ Տարբեր գրություններով ասվում է, որ այո, գումարներ կան, որոնք չեն փոխանցվել, բայց գլխավոր դատախազությունն ասում է՝ գաղտնի ծախսեր են արվել ։ Հիմա Ձեզ որպես երկրի ղեկավարի եմ հարցեր տալիս, հիմնադրամը գաղտնի ծախսեր իրավունք ունի՞, այդ գումարները կա՞ն, թե՞ ՝ չկան։ ՀԻմա ես ի՞նչ անեմ, որ բացահայտենք, իմ ռեսուրսները քիչ են, այո համաձայն եմ՝ ՊՎԾ-ին հանձնարարեք, գոնե էդպես արեք»։

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ պետք է ստուգել՝ ՊՎԾ-ն լիազորություն ունի՞ ստուգում կատարելու, թե ոչ, ապա առաջարկեց հրավիրել հոգաբարձուների խորհրդի նիստ եւ հարցը քննարկել։ «Լավ, ես կասեմ, թող հրավիրեն, եթե ՊՎԾ-ն օրենքով լիազորություն ունի, ՊՎԾ-ին կհանձնարարենք, թող ստուգի, եթե չունի, գուցե Հաշվեքննիչ պալատին խնդրենք», ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե կա հարց, պետք է դրան պատասխան տրվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել