Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իրենց նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով Հայաստանը լուրջ բարեփոխումներ է իրականացրել, այդ գործընթացը շարունակվում է, մասնավորապես, այսօր Ազգային ժողովը քննարկում էր դատաիրավական բարեփոխումների մի հսկա փաթեթ, և այս բարեփոխումները կրկին էական քայլեր կդառնան կոռուպցիայի կանխարգելման և դատական համակարգի առողջացման ու անկախացման ուղղությամբ:
Քրիստոս Յակումոպուլոսը հետաքրքրվել է Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներով և առաջիկայում սպասվող հանրաքվեով՝ նշելով, թե Եվրոպայի խորհրդում հասկանում են, որ սա շատ կարևոր է Հայաստանի ժողովրդի համար և ուրախ կլինեն աջակցել:
Արարատ Միրզոյանը մանրամասն բացատրել է իրավիճակը և շեշտել, որ իր խորին համոզմամբ՝ այս հանրաքվեն և առհասարակ այս հարցի լուծումը շատ լուրջ քայլ է լինելու Հայաստանի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ չի կարող լինել լիակատար ժողովրդավարություն, եթե չլինեն իշխանության պրոֆեսիոնալ և անկախ փոխզսպման ճյուղեր, ինչպես նաև չի կարող դատական իշխանությունը լինել այս ժողովրդավարական համակարգի մաս ու զսպել մյուս ճյուղերին, եթե չլինի անկախ, անաչառ, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ, սակայն, ցավոք, նման Սահմանադրական դատարան Հայաստանում հիմա չկա, և հանրաքվեն ամենալավ ճանապարհն է՝ անելու այդ փոփոխությունները:
Նյութի աղբյուր՝ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=12757&year=2020&month=03&day=03&lang=arm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



