Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մարդասիրական առաքելության ներկայացուցիչ պարոն Արկադի Տոնոյանի կողմից փետրվարին իրականացվել են մի շարք հանդիպումներ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես Հալեպում` ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, տեղի է ունեցել հանդիպում Սիրիայում ՄԱԿ-ի ռեզիդենտ-կոորդինատոր պարոն Իմրան Ռիզայի և Սիրիայում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգման գրասենյակի ղեկավար տիկին Հելի Ուսիկյանի հետ, որին ներկա էր Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Արմեն Սարգսյանը: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել մարդասիրական խմբի կազմում ընդգրկված ականազերծողների և ՄԱԿ-ի Ականազերծման հետ կապված գործողությունների ծառայության Սիրիայի գրասենյակի միջև ներկայիս և հետագա համագործակցության իրավական և տեխնիկական հնարավորությունները: Նաև տեղի են ունեցել հանդիպումներ ՄԱԿ-ի ժողովրդագրական զարգացման Հալեպի գրասենյակի ղեկավար կազմի, ինչպես նաև Սիրիայում ՄԱԿ-ի անվտանգության գրասենյակի ղեկավար կազմի հետ:

ՀՀ մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի 4-րդ հերթափոխի սակրավորները ս.թ.-ի փետրվարի 7-ից ականազերծել են 3853 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ժամանակ հայտնաբերվել է 6 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ: 4-րդ հերթափոխի բժշկական խումբն բուժօգնություն է ցուցաբերել թվով 608 տեղաբնակների, մասնավորապես` թերապևտ՝ 119, վիրաբույժ՝ 45, կնախտաբան՝ 118, մանկաբույժ-վարակաբան՝ 273, ատամնաբույժ՝ 15, նևրոլոգ՝ 38: ՀՀ մարդասիրական առաքելությունը 2019 թվականի փետրվարից մինչև օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր թվով 10722 հիվանդների:

Միևնույն ժամանակ, Հալեպի բուժհաստատություններ են փոխանցվել մեծ քանակությամբ դեղորայք և բժշկական պարագաներ, իսկ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունը տրվել է Հայ համայնքին պատկանող մանկատանը և տեղի սիրիացի մանուկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել