Հնդկաստանի հասարակությունում մեզ տարօրինակ թվացող բազմաթիվ մարդիկ կան: Այդպիսիններից են սադհուները, որոնց հաճախ կարելի է հանդիպել Վարանասիում՝ տաճարների շրջակայքում կամ այլ սրբավայրերում: Ովքե՞ր են նրանք՝ մուրացկաննե՞ր, սրբե՞ր, թե՞ անգործ դերասաններ:

Համարվում է, որ սադհուները կրոնավորներ են, որոնք իրենց ողջ կյանքը նվիրում են հոգևոր որոնումներին: Նրանք կտրված են աշխարհիկ ամեն ինչից՝ հոգևոր և նյութական բարիքներից, հաճույքներից, սեռական կյանքից հանուն աստծու և անսահման մեդիտացիայի:

Հնդկաստանի փողոցներում սադհուներին տարբերակելը բավականին հեշտ է: Որպես կանոն նրանք վառ գույների հագուստ են կրում, գզգզված երկար մազեր են ունենում, իսկ դեմքերը ներկված է լինում ներկերով կամ մոխրով: Սակայն որքան արտահայտիչ կերպար են նրանք ունենում, այնքան պարզ է դառնում, որ իրականում նրանք դերասաններ են, որոնք խաբում են զբոսաշրջիկներին և գումար կորզում:

Իրական սադհու դառնալն այնքան էլ հեշտ չէ: Դրա համար հարկավոր է հատուկ ծիսակատարություն անցկացնել, որը կարող է արվել միայն առավել փորձառու սադհուի օգնությամբ: Այնուհետև նորակոչիկ սադհուն օրհնություն է ստանում: Որոշները ճգնավորներ են դառնում և գնում անմարդաբնակ վայրեր, որպեսզի ոչ ոք իրենց չխանգարի հոգևոր զարգացում ապրել:

Սադհուներին կարելի է հանդիպել Վարանասիում՝ ամեն քայլի վրա, հատկապես՝ մերձափնյա Գանգեսում: Զվարճալի է տեսնելը, թե նման մարդիկ իրականում ինչով են զբաղվում և ինչպես են գաղտնի օգտվում երկրային հաճույքներից: Նրանք զբոսաշրջիկներից գումար են վերցնում իրենց հետ լուսանկարվելու դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել