2020թ․-ի փետրվարի 20-ին տեղի է ունենալու Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանի նոր՝ թարմացված հոլոգրամի առաջին ցուցադրությունը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի և «The Interactive World» կազմակերպության համագործակցությամբ։
Արխիվային լուսանկարների և անձնական տեսա-ձայնագրությունների հետ տարված հետազոտական աշխատանքների արդյունքում այժմ այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Սարոյանի վերակերտված կեպարը երեք տարբեր տարիքներում։
12 տարեկան Կարեն Մանգարյանը ներկայացնում է Սարոյանին դեռևս պատանեկության շրջանում, երբ վերջինս հեռագրեր էր բաժանում Ֆրեզնոյի փողոցներում և հոգու խորքում երազում մի օր մեծ գրող դառնալու մասին։ Արդեն հասուն և կայացած գրողին, ով իր փառքի գագաթնակետին էր գտնվում, վերապատկերում է երգահան, դերասան և հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը։ Իսկ ահա բոլորիս քաջածանոթ Սարոյանին՝ արդեն պատկառելի հասակում՝ իր հանրահայտ բեղերով, բարեսիրտ հայացքով և հեծանիվների հանդեպ տածած իր հատուկ սիրով, վերապատկերում է հայտնի գործարար և բարերար պարոն Հովնանյանը։
Սարոյանի սենյակի վերակազմությունը կատարվել է Դեն Վեյների` 1953թ․-ին արված լուսանկարի հիման վրա։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում դերասաններին և նախագծի վրա աշխատող բոլոր մարդկանց այն իրագործելու կամքի և պատրաստակամության համար։
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Արթուր Ջանիբեկյանի կողմից և արդեն տարիներ շարունակ պահպանում և տարածում է Սարոյանի մտավոր ժառանգությունը։ 2016թ-ին հիմնադրամը գնեց Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում, և այն վերածվեց ժամանակակից նորագույն ձևաչափերին համապատասխանող տուն-թանգարանի։ Բացումը տեղի ունեցավ 2018թ․-ի օգոստոսի 31-ին գրողի ծննդյան 110-ամյակի տոնակատարության շրջանակներում։
Հիշեցնենք, որ թանգարան կարող են այցելել բոլոր ցանկացողները։ Գրանցման համար պարզապես կարող եք այցելել մեր կայքէջը՝ www.saroyanhouse.com, իսկ հավելյալ տեղեկությունների համար կարող եք օգտվել մեր ֆեյսբուքյան և Ինստագրամի էջերից։