Քիչ առաջ ուշացումով դիտեցի Comedy Club-ի երևանյան վերջին՝ 3-րդ թողարկումը: Այս պահին ուզում եմ խոսել ոչ թե բուն հումորից, այլ անդրադառնալ մի շատ կարևոր հանգամանքի, որի մասին կարծես չխոսվեց այս օրերին: Տեսեք, Ռուսաստանում 3 շաբաթ անընդմեջ երկրի առաջատար ժամանցային շոուն ռուսաստանյան շոուբիզնեսի ամենասիրված դեմքերի միջոցով պատմում էր Հայաստանի մասին: Նման մասշտաբով Հայաստանը երբևէ ներկայացված չի եղել ռուսական եթերում: Տասնյակ միլիոնավոր մարդիկ տեսան, լսեցին և հետաքրքրվեցին Հայաստանով: Պատկերացնում ե՞ք` ինչ ազդեցություն կունենա սա մեր տուրիզմի վրա: Գաղտնիք չէ, որ ադրբեջանցիները տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ են ծախսում ռուսաստանյան հեռուստաալիքներով իրենց երկիրը գովազդելու, ռուս տուրիստին Ադրբեջան բերելու ուղղությամբ (ու միևնույնն է, իրենց «Ժարան» ոչինչ է «Քոմեդիի» համեմատ):
Հիմա եկեք հասկանանք ևս մեկ բան: Այս ամենն ինքն իրենով չի լինում ու ոչ էլ ձեռքի հետ է արվում: Սա մեր տղաների՝ Արթուր Ջանիբեկյանի, Գարիկ Մարտիրոսյանի ու այլոց քրտնաջան աշխատանքի ու հայրենասիրության հերթական դրսևորումն է: Տղաներն իրենց հեղինակությամբ կարողացել են բոլոր աստղերին բերել Երևան, ու այնքան մեծ է այդ հեղինակությունը, որ աստղերը մեկը մյուսից խոսափող էին խլում Հայաստանին սիրո խոստովանություն անելու համար: Նման բան ռուսաստանյան առաջատար ժամանցային ալիքի եթերում 3 շաբաթ շարունակ ու առանց պետական միջոցների ծախսման ուղղակի անհնար է պատկերացնել, բայց արի ու տես, որ լինում է։ )))
Ես անկեղծ շնորհակալ եմ տղաներին այս ամենի համար: Գիտեմ, որ ոչ շնորհակալության համար են անում, ոչ էլ պետական ինչ-որ ուշադրության, բայց կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ մեր իշխանությունները որևէ կերպ խրախուսեին նրանց: Նույնիսկ ոչ այդքան իրենց համար եմ ասում, որքան ինձ համար: Ինձ հաճելի կլինի, որ իմ երկրում նման արարքները ստանան արժանի գնահատական: