Econews.am-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 12-ին, Նախախորհրդարանի հրավիրած հանրահավաքի ժամանակ բնապահպան Եղիա Ներսեսյանն անդրադառնալով երկրի քաղաքական իրավիճակին և դրանից բխող բնապահպանական խնդիրներին, հիշեցրեց Մոնթե Մելքոնյանի՝ սա մեր վերջին պայքարը չէ խոսքերը, և վստահեցրեց, որ պայքարը շարունակվում է:
<<Կանաչ ջոկատի անդամների հետ 1.5 շաբաթ առաջ այց կատարեցինք Սյունիքի մարզ: Շուրջ երկու տարի է, ինչ ես բարձրաձայնում են հանքերի ու պոչամբարների խնդիրը, սակայն երբեք այդքան մոտիկից ականատես չեմ եղել այն թալանին, որը կատարվում է այն ժամանակ, երբ մենք քնած ենք>>,- ասաց Եղիա Ներսեսյանը և հավաստիացրեց, որ իրականում մենք քնելու ժամանակ էլ արդեն չունենք, և պետք է արագորեն ինքնակազմակերպվենք ու հետևենք Գ. Նժդեհի պատգամին՝ ի զեն: <<Այսօր զինվելու պահն է, ոչ թե իրենց (գործող վարչախմբի) ասած զենքով, այլ ես ձեզ ցույց եմ տալիս այսօր ամենահզոր զենքը, որ դուք կրում եք ձեր սրտերում, դա սերն է ձեր հայրենիքի նկատմամբ, որն իսպառ բացակայում է իրենց (գործող վարչախմբի) մեջ: Մենք ուժեղ ենք հայրենիքի հանդեպ մեր սիրով>>,- ասաց ԵղիաՆերսեսյանը:
Եղիա Ներսեսյանը բնապահպանների հաղթանակը որոշ հարցերում ևս կապում է հզոր սիրո հետ.<<Սերը փրկեց Թռչկանը, այլ ոչ թե մեր ֆիզիկական մարմինները, որովհետև մենք ուզում էինք՝ Թռչկանը մնար մեր ժողովրդին: Մեր սերն էր փրկում նաև Մաշտոցի այգին, որն այսօր հանրային է >>,- ասաց նա:
Վերջում Եղիա Ներսեսյանը կրկին անդրադարձավ այցելությանը Սյունիքի մարզ, մեծ աղմուկ բարձրացրած վթարին, և ասաց, որ Համահայկական Բնապահպանական Ճակատը առայժմ հրապարակել է բնապահպանների տեսածի և արձանագրածի ընդամենը հինգ տոկոսը: