ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը վերջին շրջանում կարծես քաղաքական վիագրա օգտագործած լինի և խիստ ակտիվ, յուրովի մեկնաբանում, գնահատում և բնորոշումներ է տալիս քաղաքական իրավիճակին ու գործընթացներին, խոստանում է բուռն, հետաքրքիր և շատ հաճելի քարոզարշավ: Նա հայտարարել է, որ հաճույքով կրկին կշփվեն ժողովրդի հետ, կարծես թե նախկիններն արգելում էին նրանց 2018թ. դեկտեմբերից հետո շփվել ՀՀ քաղաքացիների հետ...
Հետաքրքիր է, որ այս իշխանությունները հենց զգացին ժողովրդի կարիքը, զգացին, որ կարելի է նրանց կրկին օգտագործել ու հետո անտեսել, մոգոնեցին հանրաքվեն ու հիմա էլի սկսում են սիրաշահել և կարևորել ժողովրդին ու կրկին հաճույքով կշփվեն նրանց հետ:
Սակայն, չգիտես ինչու, մինչ այս քարոզարշավը զանազան անարդարությունների, խնդիրների պատճառով բողոքի ցույցեր կատարող, ճանապարհներ փակող քաղաքացիների հետ ինչ-որ հաճույքով չէին շփվում, այլ ընդհակառակը՝ ես կասեի՝ նույնիսկ տհաճությամբ, շատ հաճախ նաև դիմում ոստիկանական ուժերի օգնությանը։
Դե ի՞նչ, այսքան բանից հետո ՀՀ քաղաքացին թող ինքը որոշի՝ ուզո՞ւմ է կրկին օգտագործվել ու դեն շպրտվել, թե՞ արդեն սթափվել ու խելքի է եկել երկնային մանանայի, էյֆորիայի, քաղաքական հիպնոսի, ստերի ու երազանքների խոստումների դոզայի ներարկումներից հետո...