Panorama.am-ը գրում է․

«Հայաստան» համահայկական հիմնադրամին ամեն ամիս 10 հազար դրամ նվիրելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին արձագանքել է 82 մարդ։ Նրանց մեծ մասը «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության անդամներն են։

«Առցանց հետևելով մարտահրավերին, մենք հաշվարկել ենք 82 հանրային գործիչ, սակայն այս թիվը վստահաբար ավելին է, քանի որ մեր հայրենակիցները միշտ չէ, որ կիրառում էին #ArmeniaFundChallenge  հեշթեգը, ինչը բարդացնում է ամբողջական պատկեր հստակ ունենալը»,-Panorama.am-ի հարցման ի պատասխան հայտնեցին հիմնադրամից՝ տրամադրելով մարտահրավերին միացածների այս ցանկը։

Չելենջին մասնավորապես միացել են Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Աննա Հակոբյանը, Սիփան Փաշինյանը, ՔՊ-ական այլ  պատգամավորներ, մարզպետներ։ Ֆեյսբուքում մեծ ակտիվություն ցուցաբերող նախարարներն այս հարցում բավականին պասիվ են եղել, օրինակ ցանկում չկան Տիգրան Ավինյանի, Ռուստամ Բադասյանի, Էրիկ Գրիգորյանի,  Արայիկ Հարությունյանի, Զարուհի Բաթոյանի, Հակոբ Արշակյանի և այլոց անունները։

Ուշագրավ է, որ նվիրատվությանը միացել է ԿԳՄՍ-ի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, ով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով նախ ձերբակալվեց, ապա կալանավորվեց։

Գործադիր մարմնի ղեկավարի մարտահրավերին, ըստ հիմնադրամի տրամադրած տեղեկատվության, չեն արձագանքել ակտիվ ՔՊ-ականներ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի վերջին՝  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ուղիղ եթերում մարտահրավեր էր նետել աշխարհի 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Ալեքսիս Օհանյանին և Քիմ Քարդաշյանին։

«Սերժ, առաջին չելենջն ուղղված է քեզ, որ մտնես Himnadram.org կայք, համոզված եմ՝ դու բանկային քարտ ունես, և ամեն ամիս 10 հազար դրամ՝ մոտ 21 դոլար փոխանցվի հիմնադրամին։ Երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին, հարգելի Քիմ, ես դիմում եմ ձեզ, 22 դոլար, Քիմի դեպքում թող գեղեցիկ թիվ լինի, ամեն ամիս փոխանցվի հիմնադրամին։ Եվ երրորդը՝ Ալեքսիս Օհանյանին։Ալեքսիս, եղբայր, ես չելենջ եմ անում ձեզ, որ Himnadram.org կայքում կարգավորումներ անեք, որ ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամին: Բայց ամենակարևորն այն է, որ այս ամենն անեք հրապարակային ու դուք էլ ձեր հերթին մարտահրավեր նետեք ևս 3 հայի և այդպես շարունակ: Այսպես մենք կունենանք համահայաստանյան բյուջե, որը կծառայի Հայաստանի ու Արցախի նաև սփյուռքի հզորացմանը»,-ասել էր Փաշինյանը։

Նրա կոչին լիարժեք արձագանքել էր միայն Սերժ Թանկյանը, նա երեք ընկերների էր նշել՝ առաջարկելով միանալ նախաձեռնությանը։ Ալեքսիս Օհանյանը բավարարվել էր խոստումով, որ ամեն ամիս կփոխանցի գումարը, իսկ Քիմ Քարդաշյանն օդում կախված էր թողել Փաշինյանի չելենջը։ Չարձագանքելու փաստը հաստատեցին նաև հիմնադրամից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել