Pastinfo.am-ը գրում է․

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի գնահատմամբ՝ ՍԴ-ի հարցը մատի մեկ հարվածով լուծվող հարց չէ ու այնպես չէ, որ դա կանխորոշված է։

Նրա դիտարկմամբ՝ Հանրաքվեի գաղափարն ավելի արդյունավետ էր, որովհետև հետագայում խնդիրներ չեն առաջանա։ «Այն, ինչ արվում է ժողովրդի կամքով, համաձայնությամբ, դա անվիճելի է ժողովրդավարության տեսանկյունից։ Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որևէ կառույց որի կարծիքը կամ դիրքորոշումն ավելի բարձր է, քան ժողովրդինը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Անդրադառնալով ԵԽԽՎ հայտարարությանը, որով հեղինակավոր այդ կառույցը հորդորում էր նախագծի վերաբերյալ խորհրդատվություն ստանալ Վենետիկի հանձնաժողովից՝ քաղաքագետն ասաց, որ նախագիծը առանց Վենետիկի հանձնաժողով ուղարկելու քննարկման առարկա դարձնելը բխում էր պետության և հանրության շահերից. «Այս իրավիճակը, երբ ունենք ՍԴ, որն ակնհայտորեն անաչառ չէ և կասկածներ կան դրա ընդունման օրինականության վերաբերյալ, այս հանգուցալուծումը պիտի լիներ, և եթե հանրաքվե լինի, հասարակությունն ինքն իր քվեով ցույց կտա, թե ինչ կարծիքի է այդ մասին։ Ես իրավական տեսանկյունից չեմ կարող խոսել ու գնահատական տալ, բայց քաղաքական տեսանկյունից կարծում եմ, որ հասարակությունն իր գնահատականը կտա ու միանշանակ չէ, թե ինչպիսին կլինի այդ գնահատականը»։

Նրա խոսքով, միջազգային կառույցների գնահատականները, հոդորները, կոչերը կամ խորհրդատվությանը շատ կարևոր են, բայց պետք է առաջնորդվել պետական ու հանրային շահերով. «Դա վերաբերում է ոչ միայն Սահմանադրությանը։ Օրինակ՝ դա կարող է վերաբերել Ստամբուլյան կոնվենցիային, այսինքն՝ երբ նրանք ինչ-որ բան են մեզ խորհուրդ տալիս կամ պարտադրում, դա մեզ համար պետք է ոչ թե վերջնական ճշմարտություն լինի, այլ ուղղակի պետք է քննարկենք, դրան նայենք Հայաստանի շահերից ու ըստ այդմ մեր քայլերն անենք»։
Քաղաքագետը նշեց, որ ՍԴ-ի հարցը մատի մեկ հարվածով լուծվող հարց չէ ու այնպես չէ, որ դա կանխորոշված է։

Դիտարկմանը, թե հանրաքվեից առաջ քարոզչական գործընթացները կարծես արդեն սկսել են, իշխանական պատգամավորներից մեկն արդեն «ՍԴ-ի դեմ» էջեր են ուղարկում քաղաքացիներին և հավանելու առաջարկ անում, Բաղդասարյանն ասաց. «Այո, կարող է և քարոզարշավն արդեն սկսված լինել։ Ցանկալի չէ, բայց ամենայն հավանականությամբ այն շատ կեղտոտ կլինի՝ գոտկատեղից ներքև հարվածներով, ագրեսիվ հռետորաբանությամբ։ Լավ կլիներ, որ այդպես չլիներ։ Վստահ եմ, որ ձևավորվելու է «Ոչ-ի շտաբ», ինչպես ձևավորվելու է «Այո-ի շտաբ»։ Ցանկալի կլիներ, որ քարոզարշավը կոռեկտության սահմաններում մնար ու հանրությանը ներկայացվեին առարկայական փաստարկներ»։

Արմեն Բաղդասարյանը շեշտեց, որ հանրաքվեի արդյունքներն անկանխատեսելի են, ապա ավելացրեց, որ հանրաքվեի նպատակը ոչ միայն սահմանադրական փոփոխություններն են, այլևս իշխանության նկատմամբ հասարակության վստահության քվեն հասկանալը։

«Ամեն դեպքում անցած 1-1,5 տարիների ընթացքում իրավիճակը որոշակիորեն փոխվել է և իշխանությունները պետք է մեծ ջանք գործադրեն, վերահաստատելու համար իրենց նկատմամբ վստահության քվեն։ Այդ իմաստով, եթե արդյունքը լինի այո, իշխանության դիրքերը կտրուկ կամրապնդվեն, եթե հաղթի ոչ-ը, ապա վստահաբար նոր, հզոր ընդդիմադիր բևեռի ձևավորման ականատես կլինենք, որն այդ ոչ-ի շտաբի հիման վրա կստեղծվի»,-ասաց քաղաքագետը։

Հարցին, հնարավո՞ր է Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը լքելու դեպքում, Ձեր նշած ընդդիմադիր շտաբում ընդգրկվի և մտնի քաղաքականություն, քաղաքագետը պատասխանեց, որ Թովմասյանը վաղուց է քաղաքականությունում, ապա ավելացրեց, որ այդ դեպքում հնարավոր է մտնի ինչ-որ կուսակություն կամ դաշինք. «Այսինքն այն ինչ կա, ավելի պաշտոնապես կլինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել