Pastinfo.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետությունում պետական հեղաշրջման փորձ չի եղել։ Հունվարի 25-ին կապանյան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետև նկատեց՝ ոչ թե հեղաշրջման, այլ ռևանշի փորձ է եղել, որի ողնաշարը ջարդված է։ Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ հենց վարչապետին պատկանող օրաթերթն էր տարածել պետական հեղաշրջման փորձերի վերաբերյալ տեղեկությունները, իսկ ասուլիսի ժամանակ վարչապետն այդպես էլ չկողմնորոշվեց՝ հեղաշրջում եղել է, թե ոչ և տևական ժամանակ մտածում ու հարմար բառ էր փնտրում.

«Եղել է հիբրիդային հեղաշրջման երազանք, նախապատրաստություն, երազախաբություն, բայց պետական հեղաշրջման փորձ ՀՀ-ում չի եղել ու չի լինելու»,-հայտարարեց վարչապետը։ Այս հարցում վարչապետից բացի չեն կողմնորոշվում նաև իրավապահ մարմինները և ուժային կառույցները։ Հասկանալու համար ի վերջո երկրում պետական հեղաշրջման փորձեր եղել են, թե ոչ «Փաստինֆո»-ն դիմել էր Գլխավոր դատախազություն և Ազգային անվտանգության ծառայություն։ Խնդրել էինք տեղեկացնել՝ 2018-2019թթ. գրանցվե՞լ են պետական հեղաշրջման փորձեր և արդյոք դրանց հիման վրա նյութեր նախապատրաստվել են, թե ոչ։ Հատկանշական է, որ վարչապետի և ԱԱԽ քարտուղարի տորպեդահարման, հիբրիդային հեղաշրջման փորձերի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին դատախազությունն, այնուամենայնիվ, կարողացել է կողմնորոշվել և տվել է բացասական պատասխան. «2018-2019թթ. ընթացքում ՀՀ-ում հատկապես պետական հեղաշրջման փորձեր կատարելու վերաբերյալ քրեադատավարական ընթացակարգերով վարույթներ չեն իրականացվում»,-նշված է պատասխանում։ Սա ենթադրում է, որ նման փորձեր չեն եղել, հակառակ պարագայում դրանք իրավական գնահատականի չարժանացնելը եւս ծանր հանցագործություն է։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այս մարմինն անորոշ պատասխան է տվել։ Այստեղից հայտնում են՝ ԱԱԾ-ի գործառույթներից է սահմանադրական կարգի ապահովումը, ինչպես նաև դրան սպառնացող վտանգների բացահայտումը, կանխումը և խափանումը. «Նշված գործառույթն ԱԱԾ-ն կատարում է մշտապես։ Այդ աշխատանքի արդյունքները երբեմն տեսանելի են, երբեմն՝ ոչ, կապված ԱԱԾ գործունեության առանձնահատկությունների հետ»։ Ինչպես տեսնում ենք ԱԱԾ-ն հստակ պատասխան չի տալիս, ինչը թերևս երկրի փոփոխական ղեկավար ունենալու պարագայում ինչ-որ չափով հասկանալի է։ Չէ՞ որ սկզբում հայտարարվեց, որ եղել են պետական հեղաշրջման փորձեր, որոնց, ըստ այդ հայտարարությունների, մասնակցել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, այնուհետև ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատեց, որ իշխանություններին տորպեդահարելու փորձեր են եղել, սակայն Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հերքեց՝ չի եղել հեղաշրջում, եղել են հիբրիդային հեղաշրջման փորձերի երազանքներ։ Վարչապետի ընտրած այս վերջին տերմինին տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով. «Օրակարգ է բերվում մի տերմին, որն օգտագործվել է, եթե չեմ սխալվում Ուկրաինայում։ Ուղղակի չգիտեմ, դա անլրջություն է, որ տրվում է այդ ամեն ինչին։ Պետական հեղաշրջման փորձ իրականացնող մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում»,-նշել էր Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը, սակայն, միակը չէ, որ մեղադրվեց պետական հեղաշրջման փորձերին մասնակից լինելու մեջ։ Վարչապետն ասուլիսից մի քանի օր անց արդեն ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այս ուղղությամբ սլաքներն ուղղեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ։ Վարչապետը մասնավորապես նշեց. «ՍԴ նախագահը ներքաշվել է հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ և կարծում եմ՝ դեռ պետք է հետաքննվի, էդքան,որ գնացել-եկել են տարբեր տեղեր, ինչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետև սա կարող է պարզվի Հայաստանի ազգային անվտանգության շահերի հետ կապված խնդիր»։

Ազգային անվտանգության շահերից ելնելով մենք նույնպես Դատախազությունից և ԱԱԾ-ից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՍԴ նախագահի միջազգային այցելությունների, ի վնաս ՀՀ շահի և ազգային անվտանգության միջազգային կառույցների հետ համագործակցելու վերաբերյալ նյութեր նախապատրաստվում են, թե ոչ։ Դատախազությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ տվյալ դեպքի վերաբերյալ քրեադատավարական ընթակարագով որևէ վարույթ չի իրականացվում։ Այս պարագայում ևս ԱԱԾ-ն փորձել է հնարավորիսն չեզոք պատասխան տալ, այստեղից մեզ հայտնեցին, որ օպերատիվ կամ հրապարակային աղբյուրներից ստացվող նմանատիպ տեղեկությունները մշակվում են, այդ թվում՝ վերլուծական առումով, և դրանց հետագա ընթացքը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Այսպիսով ստացվում է՝ Դատախազությունը, որը տեղյակ է իրավապահ բոլոր մարմիններում կատարվող գործընթացներից, հերքում է պետական հեղաշրջման փորձերը, ինչպես նաև Հրայր Թովմասյանի արտերկիր գնալ-գալու վտանգներն ազգային անվտանգության հետ, իսկ ԱԱԾ-ն, կարծես, սպասում է։ Այս կառույցն անորոշության և սպասողական վիճակի մեջ է, քանի որ չգիտի՝ կառավարության հաջորդ նիստում կամ վարչապետի հերթական ուղիղ եթերում հրապարակավ ինչ հանձնարարություն կստանա, և այս անգամ որ «չար» կերպարի և որոշ շրջանակների միջև կփորձի անպայման ինչ-որ կապ գտնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել