Արդարության ու վստահության ճգնաժամը մարդկանց հասցրել է այն աստիճանի վհատության, որ մահացած զինծառայողի դին փորձում են ոտքով բերել Երևան:
Մարդիկ չե՛ն հավատում իրավապահ մարմիններին, չե՛ն հավատում զինված ուժերի ղեկավարության խոսքերին և ցանկանում են ստանալ մեկ պարզ հարցի պատասխան. Ինչու՞:
Սա արժեքային ճգնաժամ է և ահազանգ, որ այլևս չի կարող այսպես շարունակվել, որ զինված ուժերում անհրաժեշտ է որակապես փոխել տիրող մթնոլորտը՝ զինծառայողների փոխհարաբերություններում ստեղծելով իրապես քաղաքակիրթ ու փոխադարձ հարգանքի հիման վրա կառուցված հարաբերություններ:
Ես պնդում եմ, որ Զինված ուժերում հանցավոր աշխարհի բարքերի ներթափանցումը չափազանց բացասական երևույթ է: Այդ արժեքների գործունեության արդյունքում անխուսափելիորեն խաթարվում է օրինականության սկզբունքը, զինված ուժերի կանոնակարգերը, հեղինակազրկվում է սոցիալական արդարության գաղափարը, ոտնձգության թիրախում հայտնվում զինծառայողների անձնական արժանապատվությունը:
Սրան զուգահեռ, այդ արժեքները կրող անձինք փորձում են ստեղծել իրենց պատկերացրած ոչ ֆորմալ վարքականոնները, ինքնատիպ սոցիալական միջավայրը, արդյունքում կառուցվում է հանցավոր մի համակարգ՝ հիմնված խեղաթյուրված չափանիշների և մարդկային հարաբերություններին խորթ պատկերացումների վրա:
Ես պնդում եմ, որ բանակից պետք է արմատախիլ արվի ծեծն ու հայհոյանքը:
Որևէ զինծառայող, անկախ իր պաշտոնից և ունեցած կոչումից, շարքայինից մինչև գեներալ չպետք է ենթարկվի որևէ նվաստացման:
Այն սպան, ով հայհոյեց և նվաստացրեց որևէ զինվորի, նա կորած անձնավորություն է, և պետք է շատ արագ մեկուսացվի անձնակազմից:
Եվ ճիշտ հակառակը, այն զինվորը, ով չենթարկվեց իր վերադասին, ով փորձ արեց սահմանել սեփական խաղի կանոնները, որոնք դուրս են բանակային կանոնակարգերի սահմաններից, նոյնպես պետք է մեկուսացվի:
Անհրաժեշտ է հասնել նրան, որ սպան բանակում իրական հեղինակություն վայելի, որը կկառուցված չլինի վախի, բռնության ու սպառնալիքի վրա:
Որևէ կասկած չունեմ, որ այսպես կոչված ՛՛հեղինակությունները՛՛ պետք է չեզոքացվեն, հանցավոր մտայնությամբ ու արժեքներով առաջնորդվող զինծառայողների հետ պետք է տարվի շատ խիստ ու հետևողական աշխատանք՝ այդ մտայնությունն իսպառ վերացնելու համար:
Զինված ուժերի ղեկավարումը բացառապես պետք է իրականացվի ֆորմալ ինստիտուտների, ասել է թե զինվորական կանոնակարգի ոգուն և տառին համապատասխան՝ առանց որևէ բացառության:
Բանակում ՛՛լավ տղեն՛՛ պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ ու խելացի սպան ու զինվորը:
Հիշե՛ք, բանակը շատ զգայուն է և շատ ծանր է տանում խտրականությունը: Զինվորների միջև խտրականության դրսևորումը հոգեբանական սթրես է ստեղծում մյուսների մոտ:
Ավելի՛ն, գնալով համոզվում եմ, որ անհրաժեշտ է խորապես վերանայել սպայական կազմի իրավասությունների ծավալը:
Սպայական կազմը պետք է լիարժեք հնարավորություն ունենա իրացնելու օրենքներով ու կանոնագրքերով իրեն վերապահված բոլոր լիազորությունները...