Hraparak.am-ը գրում է․

Սահմանադրական դատարանի գործող կազմից ազատվելու, արհետական ճգնաժամը լուծելու մոլուցքն իշխանություններին չի կանգնեցնում ոչնչի առաջ։ Երեկ մենք արդեն տեղեկացրել էինք, որ իշխող «Իմ քայլը», ի դեմս Վահագն Հովակիմյանի, շրջանառության մեջ է դրել մի շարք օրենքներում փոփոխությունների նախագիծ, որն ընդունելու դեպքում վաղն իշխանությանը հանգիստ կարող են մեղադրել իշխանության մյուս ճյուղերի կողմից երրորդի նկատմամբ ճնշումների, ավելի կոնկրետ՝ դատական իշխանության լիազորությունները բռնազավթելու հարցում։  Փոփոխություններ են ներկայացվում մասնավորապես ԱԺ կանոնակարգ, Սահմանադրական դատարանի մասին ու Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքներում։ Ի՞նչ է ուզում իշխանությունը։

Հայտնի է, որ, գործող իրավակարգավորումների համաձայն, Սահմանադրության փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է ՍԴ-ի  դրական եզրակացությունը։ Նախագծերով վերացվում է այս պարտադիր պահանջը եւ հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պարագայում շրջանցել բարձր դատարանը՝ ՍԴ-ն։ Մինչդեռ, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը, որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Հետեւաբար, այսպիսի փոփոխությունն ակնհայտ հակասում է Սահմանադրության պահանջներին։ Բացի այդ՝ փորձում են խլել նաեւ ՀՀ նախագահի՝ Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները, այս դեպքում՝ ընդունված սահմանադրական փոփոխությունները հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկելու պահանջը:

Հընթացս չթաքցնելով, որ խնդրի լուծումն իրենց պետք է մեկ վայրկյան շուտ, փոփոխություն են առաջարկում ՍԴ դատավորի ընտրության կարգում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածում սահմանելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է ոչ թե Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, այլ առաջիկա նիստերում, այն է՝ արտահերթ, որպեսզի երբ ուզենան, իրենց մարդկանց գործուղեն ՍԴ։
Երեկ բազմաթիվ իրավաբաններ եւ սահմանադրագետներ իրենց մտահոգությունը հայտնեցին նոր նախագծի մասին առ այն, որ խնդիր ունի Սահմանադրության հետ, եւ որ այն չի արժանացել նաեւ միջազգային կառույցների փորձագիտական գնահատականին․ խոսքը Վենետիկի հանձնաժողովի մասին է։

Իշխող ֆրակցիայի պատգամավորները երեկ ընդհատակ էին անցել, հասկանալի է, որ դժվար է մեկնաբանել այնպիսի հակաիրավագիտական, հակաօրինական նախագիծ, ինչպիսին որ ներկայացվել է։ Անգամ նախաձեռնության հեղինակ Վահագն Հովակիմյանին չէին հուզել հակասական արձագանքները․ «Նախագծի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կարող եք ընթերցել նախագծին կցված հիմնավորումը»։ Կարդացել ենք, բայց չենք կարողանում հասկանալ, թե ոնց կարող էիք նման փոփոխություններ առաջարկել, գուցե դուք բացատրեք՝ նաեւ պատասխանելով բազում քննադատություններին, որ այն ծայրից ծայր հակասահմանադրական է, որ դուք ցանկանում եք յուրացնել դատական իշխանության լիազորությունները։ «Ես շատ զբաղված եմ, նախագծում ամեն ինչ գրված է»։
 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պետաիրավականի ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը խորությամբ չէր ծանոթացել նախագծին, բայց առաջին տպավորությամբ՝ այն իշխանությունների տարանջատման սահմանադրորեն ամրագրված սկզբունքում խնդիր է առաջացնում․ «Իսկ սա նշանակում է, որ խորը փոփոխություններ են, եւ պետք է զրուցել ու ստանալ մեր միջազգային գործընկերների կարծիքը»։

Միայն ՍԴ-ի՝ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ եզրակացության պարտադիր պահանջից հրաժարվելը եւ այն ԱԺ-ին վերապահելը, Սիմոնյանի գնահատմամբ,  խնդրահարույց է․ «Գիտեք, որ սահմանադրական փոփոխություն կարելի է իրականացնել երկու տարբերակով՝ հանրաքվեի միջոցով եւ ԱԺ-ի։ Հիմա այս նախագծի ընդունումից հետո հնարավոր է դեպք, որ ԱԺ-ն՝ ինքը, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, չդիմի ՍԴ-ին, ու այդ փոփոխությունները դառնան Սահմանադրության բաղկացուցիչ մաս, բայց արդյունքում ստեղծվի մի իրավիճակ, որ այդ փոփոխությունների դրույթները հակասության մեջ են Սահմանադրության այլ դրույթների հետ, ու գործնականում առաջանա մեծ խնդիր։ Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը, եթե լուծող մարմինը էլ չկա, երբ երկու իրավազոր, իրավաբանական ուժ ունեցող սահմանադրական դրույթներ իրար հակասում են»,- տարակուսեց Տարոն Սիմոնյանը։ Կարո՞ղ ենք սա ձեւակերպել որպես իշխանության մյուս ճյուղերի՝ գործադիրի եւ օրենսդիրի կողմից դատական իշխանության լիազորությունների բռնազավթում։ «Հենց դրա համար ասացի, որ իշխանության տարանջատման սկզբունքին է սա վերաբերում, եւ այդ դրույթը, որ գրվել է, հենց իմաստն այն է, որ դատական իշխանությունը, ի դեմս ՍԴ-ի, պիտի կարողանա ստուգել՝ ԱԺ-ի ընդունած դրույթները հակասո՞ւմ են Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Հանրաքվեի պարագայում մի փոքր այլ է, այդ պարագայում տեսականորեն  կարելի է մի կերպ նվազեցնել ՍԴ-ի դերը՝ հօգուտ հանրաքվեի, ասել՝ լավ, ընդունենք, որ ճիշտ է։ Բայց ինչ վերաբերում է ԱԺ ընդունած փոփոխություններին, սա անընդունելի է»։ Պատգամավորի կարծիքով, առավել անհասկանալի է․ եթե իշխող ուժը մի կողմից ուզում է, որ ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունները չուղարկվեն ՍԴ եզրակացությանը, ինչո՞ւ է նախագահին զրկում իր լիազորություններից։ «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվե դնելու որոշումը նախագահն է անում, բայց փոփոխությունները, որ ԱԺ-ն է ընդունում, հիմա ասում են, որ թող նախագահը չստորագրի, այլ՝ ԱԺ նախագահը։ Ուզում եմ հասկանալ՝ իմաստը, ո՞րն է այս փոփոխության իմաստը, խլել նախագահից, Սահմանադրական դատարանից իրենց լիազորությունները եւ կենտրոնացնել ԱԺ նախագահի ու գործադիրի ձեռքում։ Սա պետք է հիմնավորում ունենա, որը, կարծում եմ, չունի։ Իշխող ուժն առաջնորդվում է՝ այսպես ենք ուզում, քանի որ մենք ենք իշխանության երկու թեւերում եւ կարող ենք կենտրոնացնել ամեն ինչ մեր ձեռքում»։

Ի դեպ, նախօրեին, երբ նախագիծը դրվեց շրջանառության, ԱԺ կայքով հայտնեցին փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրելու եւ այդ փոփոխությունները քննարկելու մասին։ Իհարկե, երեկ կայքից հանվեց այդ լուրը, քանի որ այստեղ էլ խնդիրներ կան օրենքի հետ․ արտահերթ նիստ էին հրավիրել առանց ԱԺ խորհրդի որոշման, ինչի իրավունքը կանոնակարգ- օրենքը չի տալիս։ ԼՀԿ-ական պատգամավորի համար առհասարակ անհասկանալի է նման շտապողականությունը, ասաց՝ ի՞նչ իմաստ ունի հրատապ ռեժիմով նախագիծ բերել, որի իրավակիրառությունը կծագի մեկ տարի հետո․ «Եթե այս նախաձեռնությունը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա պետք է նկատի ունենալ, որ բարեփոխումների հանձնաժողովը դեռ երկար ժամանակ աշխատելու է, եթե նշանակված է, որ այդ հանձնաժողովն իր  գործը պետք է սկսի փետրվարի կեսերից, երկու ամիս հետո հայեցակարգը պետք է դրվի քննարկման, դրանից հետո նոր  հոդվածներ պետք է մշակվեն, հետո էլի ժամանակ է պետք, հիմա ի՞նչ իմաստ ունի այս նախագիծն այսքան հրատապ բերել»։ Նա հույս ունի, որ սույն տեսքով փոփոխությունների այս փունջը չի ընդունվի, իսկ եթե, այնուամենայնիվ, «Իմ քայլն» ուժի իրավունքով կյանքի կոչի այն, ԼՀԿ-ն օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով կդիմի՞ ՍԴ։

Սիմոնյանն ասաց, որ տվյալ պահին ինքը չի կարող նման հայտարարություն անել, քանի դեռ խմբակցությունում չեն քննարկել։
Պարզվեց՝ ԲՀԿ-ում անհաղորդ են բուռն գործընթացներին, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ առողջական խնդիրներ ունի եւ չի ուսումնասիրել նախագիծը։ Սերգեյ Բագրատյանն էլ կարդացել էր, բայց կարծիք հայտնել չցանկացավ, քանի դեռ չի խորհրդակցել իրավաբանների հետ, իսկ խմբակցության քարտուղարն ու այլ պատգամավորներ խորը անհասանելի էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել