Հունվարի 28-ին Երևան քաղաքի տարբեր վայրերից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» (Ադեկվադ) միաբանության հիմնադիրներն ու համակիրները, «ՎԵՏՕ» (ՎԵՏՕ VETO ВЕТО) նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, իր տան շքամուտքից բերման ենթարկվեց նաև Antifake.am լրատվականի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։ Այս մասին հայտնում է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը:

Վերը նշված անձիք պարբերաբար քննադատության են ենթարկում Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ բերման ենթարկված Կոնստանտին Տեր-Նակալյանն ու Նարեկ Սամսոնյանը լրատվականների (BlogNews.am, AntiFake.am) ղեկավարներ են։ Ստեղծված իրավիճակում պարզ է դառնում, որ վերը նշված անձիք բերման ենթարկվեցին և խուզարկվեցին իրենց ընդդիմադիր հայացքների համար։ Ինչպես հետագայում պարզվեց, նրանց կասկածում էին ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու մեջ, բայց նրանց մոտ ոչինչ չհայտնաբերվեց, ու նրանք ազատ արձակվեցին։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին չպայքարել այլակարծության, ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական-քաղաքական գործիչների և լրատվականների դեմ, չճնշել խոսքի ազատությունը՝ մասնավորապես ընդդիմադիր խոսքը։

Վախի մթնոլորտ ստեղծելու և րոպեական որոշումներին տուրք տալու իշխանության քայլերը մտահոգիչ են, իսկ ուժային կառույցների ներգրավումը այս գործընթացներին՝ անընդունելի։
Հատկանշական է, որ Նարեկ Սամսոնյանը, տևական ժամանակ լինելով 6-րդ վարչության շենքի մոտակայքում, բերման չենթարկվեց և միայն տան շքամուտքում «հայտնաբերվեց»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել