ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ ԳԱՐԵԳԻՆ Բ-ին
Հարգելի պարոնայք, Վեհափառ տեր,
Դուք այլևս չեք կարող չտեսնելու տալ այն խայտառակ վատ մթնոլորտը, որը տիրում է հայ հասարակության մեջ:
Դուք իրավունք չունեք անտարբերության մատնելու այն ատելության էներգիան, որը ծնել ու սնել եք մեզանում նաև Ձեր «դիտորդի» կարգավիճակով, և որը ոչնչացնում է ցանկացած մարդկային ու ազգային արժեք՝ ընտանիքից մինչև ընկերություն:
Դուք պարտավոր եք դադարեցնել և կանգնեցնել անբարոյականության, պատվազրկության և կեղծիքի, հայը հայի դեմ հանելու պետության ներսից և արտաքին ուժերի կողմից ուղղորդվող ազգակործան ծրագիրը, որի պտուղներին մենք ամեն օր ականատես ենք լինում թե՛ համացանցում, թե՛ իրական կյանքում:
Այսպես այլևս անհնար է:
Այսպես շարունակվել չի կարող:
Հանդիպում կազմակերպեք ԱԺ բոլոր ֆրակցիաների ղեկավարների հետ, միասնական կոչի տեքստ պատրաստեք և դիմեք ժողովրդին:
Վերադարձրեք մարդկանց կյանքի բնականոն և ստեղծարար հուն:
Միջոցներ ձեռք առեք սաստելու, պատժելու և կանխարգելելու ատելության ցանկացած դրսևորում, որի զոհը, ի դեպ, թե՛ բարոյական և թե՛ ֆիզիկական առումով կարող է դառնալ թեկուզ մեկ հայ կամ հայաստանցի:
Դիմում եմ ձեզ՝ հույս ունենալով, որ չեմ լսի ձեր ենթակայության տակ գտնվող ինչ-որ բաժնի կամ անձի «պատասխանը կամ արձագանքը», քանի որ երբ իրենք են որոշում պատասխանել, հետո նոր «բոլոլա» են ստեղծում ու ջնջվում են սոցիալական ցանցերից: Փաստերը շատ են:
Հարգելի պարոնայք, Վեհափառ տեր,
Խնդրում եմ, մի վատնեք մեր՝ որպես քաղաքացիների պետական ինստիտուտների ղեկավարների և պետական կրոնի առաջնորդի հանդեպ ունեցած վստահության չափաբաժինը:
Արթնացե՜ք:
ՀՀ քաղաքացի Ռուբեն Մխիթարյան:
Հ.Գ. Պարոնայք, հավատացնում եմ ձեզ, որ եթե միջոցներ ձեռք չառնեք, ցրողական պատասխաններ տաք ձեր պատգամավորների և ենթակա մամուլի էջերով, ապա ինքս եմ լուծելու էս հարցը՝ ընկերներիս, համախոհներիս ու հայրենակիցներիս հետ: Իսկ թե ինչպե՞ս, արդեն այդ ժամանակ դուք իրոք ի պաշտոնե կլինեք ԴԻՏՈՐԴ: