Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է լրատվամիջոցներից մեկի հրապարակումը կապված Արցախյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի թողած ժառանգության հետ և Արցախի նախագահ թեկնածումներին առաջարկել է ասել՝ սա իրենց, Արցախ ժողովրդի համար ընդունելի՞ տարբերակ է, թե՞ ոչ: «Եթե Արցախի ու Հայաստանի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ որ հայտարարել է, որ եթե ինքը բանակցային սեղանին ունենա տարբերակը, որն, իր կարծիքով, արժե ներկայացնել ժողովրդին, ինքը կդա կանի: Միևնույն ժամանակ վարչապետը ցանկանում էր, որ ժողովուրդը հստակ ձևակեպի, թե ինչ կարգավորում է ուզում, որ ինքը դա անգիր անի, գնա բանակցությունների:

ՀՀ իշխանությունները պնդում են, որ բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ, միևնույն ժամանակ վերջին շրջանում, այդ թվում միջնորդների կողմից խոսվում է առարկայական բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին:

Ստացվո՞ւմ է, այսօր վարչապետն անուղղակիորեն ժողովրդին ներկայացնում է Արցախյան կարգավորման տարբերակ՝ հայտարարելով, որ ժողովրդի կողմից դրական պատասխանի դեպքում պատրաստ է սա ընդունել որպես բանակցությունների հիմք: Ի դեպ, վարչապետի ներկայացրած տարբերակում որևէ նորություն չկար, դրանք բացահայտվել էին դեռևս Լ՛Աքվիլլայում և Մուսկոկայում:

Հ.Գ. Առնվազն տարօրինակ է, որ վարչապետը, լինելով Ղարաբաղի հարցով Հայաստանի գլխավոր բանակցողը, Սերժ Սարգսյանի ժառանգության մասին խոսելիս հղվում է մամուլում ինչ-որ հրապարակման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել