Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրայր Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։
«Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»,- գրել է նա։
Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկությունը դեռևս չի սկսել․ «Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես՝ հնարավորություն չի տրվում պարոն Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով դատարանի որոշմանը ծանոթանալ»,-ասաց նա և նշեց, որ իրենք համապատասխան միջնորդություն են ներկայացրել:
13։44
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՔԾ քննիչները ՍԴ նախագահի բնակարանում չեն հայտնաբերել այն փաստաթղթերը, որոնք փնտրում էին։