Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնատար անձինք:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրական դատարանի ձևավորման 28-րդ տարեդարձի առիթով և նշել, որ այն պետական կարևոր ինստիտուտներից մեկն է: «Ընդգծելով և կարևորելով իշխանությունների տարանջատման և բաժանման սկզբունքը, որը կարծում եմ՝ ցանկացած պետության կայացման համար կարևորագույն նախապայման է, սակայն այնպես է, որ Կառավարությունը պատասխանատվություն ունի իշխանության բոլոր օղակների գործունեության պայմաններ ապահովելու համար:
Կարծում եմ՝ Կառավարությունն ի ցույց է դրել բոլոր անհրաժեշտ միջոցները կամ առնվազն բավարար այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական անկախ համակարգի ձևավորման և գործունեության համար: Այդ որոշումները կայացվել են, իհարկե, գործընթացներն ու բարեփոխումները, իմ ընկալմամբ, երբեք չեն ավարտվում: Այսինքն՝ չկա մի կետ, երբ որևէ կառավարություն և պետություն կարող է արձանագրել՝ վերջ, բարեփոխումներն ավարտվեցին: Եվ այդտեղ ուզում եմ ընդգծել Կառավարության և խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը՝ Սահմանադրական դատարանի բնականոն և ընդհանրապես՝ դատական անկախ համակարգի գործունեության համար իրենից կախված ամեն հնարավորն անելու:
Սահմանադրական դատարանը, իհարկե, սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին է, բայց ուզում եմ ձեզ հետ կիսվել, կարծում եմ մեր ժամանակների համար արդիական մի մտքով, որն արդիական է եղել մեր հանրապետության գոյության ողջ պատմության ընթացքում: Արդարադատությունն ինստիտուտ է, իսկ արդարությունը՝ զգացում: Այսինքն՝ արդարադատությունը մեծ հաշվով օրենքներ են, այդ օրենքներն իրականացնող և օրենքի առաջ հավասարությունն ապահովող մարմիններ: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում արդարադատությանը ծառայող մարմինները գործում են լիարժեք, բայց պետք է նաև կիսեմ իմ տպավորությունը, որպես նաև Կառավարության ղեկավար, ով մարդկանց հետ շփվելու ամենատարբեր առիթներ է ունենում. արդարադատության մեր ինստիտուտները դեռևս արդարության զգացում չեն սերմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ: Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Եթե, օրինակ՝ հարցում իրականացնենք պետական ինստիտուտների մեջ, թե, այնուամենայնիվ, մեր գործունեությունը տեղավորվո՞ւմ է արդարության շրջանակներում, թե՞ չի տեղավորվում, կարծում եմ՝ պետական ինստիտուտների և դատական ինստիտուտների պատասխանը դրական կլինի, բայց հանրության պատասխանն այնքան էլ դրական չի լինի: Ի՞նչն է սրա պատճառը: Կարծում եմ՝ սրա պատճառն այն է, որ արդարության մասին ինստիտուտների և հանրության պատկերացումները չեն համընկնում:
Եվ սա լրջագույն պրոբլեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք և որի հետ պետք է հասցեագրվենք։ Մեծ հաշվով, մեր երկրում ամենատարբեր առիթներով խոսում ենք ստանդարտի մասին, բայց կարծում եմ՝ պետք է խոսենք նաև արդարադատության ստանդարտի մասին, թե ինչ է դա նշանակում գործնականում։ Նաև կարևոր է հետևյալ հարցը՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ պետական ինստիտուտների և հանրության պատկերացումներն արդարադատության մասին համընկնեն։ Կարծում եմ, որ այդ հարթակը, որտեղ այդ խոսակցությունը տեղի է ունենում, բանավեճն է Սահմանադրության շուրջ և ի վերջո, այդ բանավեճի արդյունքում որոշման կայացումը Սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Ես երկար եմ այս թեմայի մասին մտածել և կարծում եմ, որ հենց այս խաչմերուկում տեղի ունեցած հանդիպման առանձնահատկություններն են, որ ինստիտուտների և հանրության պատկերացումներն արդարության և արդարադատության մասին չեն համընկնում։ Այսինքն` այս հանգրվանում է, որ այդ խոսակցությունը, այդ կոնսենսուսը չի ձևավորվել և կարծում եմ, որ սա հիմա արդեն ակնհայտորեն մեր պետական ինստիտուտների և ընդհանրապես՝ պետության կայացման համար կարևորագույն մի խնդիր է, որի հասցեագրումն առնվազն մեր օրակարգում պետք է ունենանք։ Եվ այստեղ, իհարկե, շնորհակալ կլինեմ, եթե Սահմանադրական դատարանն առանց իշխանությունների բաժանման սկզբունքների խախտման, նաև այս թեմայով հաղորդակցության հնարավորություն ստեղծի Կառավարության համար, որովհետև սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են։
Կրկին ուզում եմ բոլորիս շնորհավորել այս առիթով, ընդգծել իմ խորը հարգանքը Սահմանադրական դատարանի ինստիտուտի նկատմամբ և հույս հայտնել, որ մենք Սահմանադրության սահմանված կարգով բաժանված ինստիտուտների փոխգործակցության և երկխոսության հնարավորություն կարող ենք ստեղծել՝ ի վերջո արդարադատություն ինստիտուտի և արդարություն զգացողության համադրման և նույնականացման մեխանիզմների ձևավորման մասին, որովհետև կարծում եմ` դա շատ կարևոր է։ Ձեզ հայտնի հանգամանքների, ողբերգական հանգամանքների բերումով մեր հանրության մեջ շատ խորը դիսոնանսի զգացողություն կա։ Եվ այդ դիսոնանսի զգացողությունը, կարծում եմ, ամենաշատն արտահայտվում է կամ այդ դիսոնանսի եռման կետը հենց արդարադատություն ինստիտուտի և արդարության զգացման այս բաժանման միջև ընկած տիրույթում է գտնվում։ Շնորհակալ կլինենք, եթե Սահմանադրական դատարանը, մեր մյուս պետական ինստիտուտները ցանկանան, ուզենան և կարևոր համարեն այս դիլեման լուծելու գործում ներդրում ունենալ», - իր խոսքում նշել է վարչապետը:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
Նյութի աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/02/09/Nikol-Pashinyan-Constitutional-Court/#photos[pp_gal_1]/6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել