«Սա աննախադեպ է․ ՀՔԾ քննիչը չի թույլատրում ծանոթանալ դատարանի որոշմանը». ՍԴ նախագահի պաշտպան


10:24 , 24 հունվար, 2020

Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրայր Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։

«Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»,- գրել է նա։

Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը խուզարկությունը դեռևս չի սկսել․ «Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես՝ հնարավորություն չի տրվում պարոն Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով դատարանի որոշմանը ծանոթանալ»,-ասաց նա և նշեց, որ իրենք  համապատասխան միջնորդություն են ներկայացրել:

13։44

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՔԾ քննիչները ՍԴ նախագահի բնակարանում չեն հայտնաբերել այն փաստաթղթերը, որոնք փնտրում էին։