Politik.am-ը գրում է.
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ շվեյցարական հայտնի թերթերից մեկը դրական հոդված է գրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին․ «Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները գնահատելով դրական»:
Կառավարության մեր աղբյուրներից կարողացանք ճշտել, որ հոդվածն իրականում պատվիրված է և բավական թանկ է արժեցել։ Կառավարության մեր աղբյուրի պնդումը ստիպեց փոքրիկ հետաքննություն իրականացնել և համացանցի բաց աղբյուրներից պարզել իրականությունը։
Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հիմնականում հենց պատվիրված հոդվածներ է հրապարակում։ Prnews.io կայքում առկա են տվյալներ թերթի պատվերով հոդվածի արժեքի և ծառայությունների մասին (հոդված կարող եք պատվիրել այստեղ)։ Գնային առումով «Berner Zeitung»-ը կարելի է համարել միջին թանկության ծառայություններ մատուցող։ Մեկ հոդվածի պատվիրման համար նվազագույնը անհրաժեշտ է վճարել 6 մլն 660 հազար 199 դրամ։ Բայց առկա են հավելյալ ծառայություններ, որոնք գինը կարող են հասցնել մինչև 6 940 000 դրամ։ Այդ ծառայություններն են՝ թեմատիկ բաժին 2 մլն 758 հազար 199 դրամ, անգլերեն թարգմանություն 74 572 դրամ, SEO գրառում 99 430 դրամ, 1000 և ավել դիտում 99 430 դրամ, հոդվածի պատրաստում փորձագետի կողմից 248 575 դրամ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, կառավարությանը գովաբանող հոդվածի դեպքում պատվիրատուն օգտվել է նաև հավելյալ ծառայություններից։ Հոդվածի հեղինակը հայտնի լրագրող FRANK NIENHUYSEN, ով գրում է քաղաքական և տնտեսական թեմաներով։ Եթե հաշվի առնենք նաև այս հանգամանքը, ապա կառավարությանը գովաբանող հոդվածը պատվիրատուի վրա նստել է ավելի քան 6 մլն 900 հազար դրամ։
Այս պահին դեռևս հստակ չեն տեղեկությունները, թե հոդվածի համար ով է վճարել։ Մեր աղբյուրները զերծ մնացին այս մասով տեղեկություններ տրամադրելուց։ Առաջիկայում կներկայացնենք նոր մանրամասներ։
Հ․Գ․ Իհարկե որևէ դատապարտելի բան չկա սրանում, որ միջազգային մամուլում պատվիրված հոդվածներ հայտնվեն Հայաստանի մասին, սակայն անհասկանալի է, թե ինչու է կառավարության ղեկավարը սա համարում ձեռքբերում և իշխանական ամբողջ թիմը փորձում է պատվիրված հոդվածը ներկայացնել, որպես կարևորագույն հաղթանակ միջազգային արենայում։