Մերձավոր Արևելքում բռնկված կրակը կարող է այրել ամբողջ տարածաշրջանը՝ երկար տարիներ պահելով այն ցնցումների մեջ:
Ինձ համար արդեն իսկ պարզ է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը միտված է գլոբալ առումով «լուծելու» Իրանի հարցը, և նրանք տևական ժամանակ է, ինչ պատրաստվում են դրան:
Անկախ նրանից, թե ում տարածքում կպատերազմեն կամ կհարվածեն միմյանց, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի վերջնական նպատակն է ծնկի բերել Իրանին, և այս հակամարտությունը վաղ թե ուշ հանգուցալուծվելու է:
Ի՞նչ վերջաբան կունենա այս դիմակայությունը՝ դժվար է ասել, մանավանդ որ Իրանը մինչև վերջ ատամ է ցույց տալու և պաշտպանելու է իր ռազմավարական շահերը:
Մենք ենք հայտնվել բավականին լուրջ իրադրության մեջ: Ստեղծված իրավիճակն ուղղակի ռազմական անվտանգության արտաքին սպառնալիք է: ՀՀ ռազմական դոկտրինով սահմանվել է, որ Հայաստանին սահմանակից պետություններում ներքաղաքական միջավայրի ապակայունացումը, ներքին բախումներն ու ռազմական գործողությունները, ինչպես նաև էթնիկական հակամարտությունները կարող են սպառնալ ՀՀ ռազմական անվտանգությանը:
Քիչ առաջ ուսումնասիրում էի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պայմանագիրը, որի դրույթներից պարզ է դառնում, որ այն, այնուամենայնիվ, չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչ քայլերի կդիմի, եթե իր անդամ հանդիսացող պետությունը որևէ ձևով դառնա այլ երկրների միջև ընթացող ռազմական բախման թիրախ, և որին հասցվի նյութական կամ այլ վնաս:
Իսկ որ ռազմական էսկալացիայի արդյունքում Հայաստանը կարող է թեկուզ անուղղակիորեն դառնալ այդ բախման թիրախ, կասկածից վեր է:
ՀԱՊԿ պայմանագրում էական նշանակություն ունի 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ, և մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
Սրանից բխում է, որ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում միայն ՀԱՊԿ նորմերը կիրառելի կլինեն:
Հ.Գ. Հայաստանի հարավն ու Արցախը կարող են դառնալ թիրախ: Այս իրավիճակում մենք պարտավոր ենք չափից դուրս զգոն լինել՝ հույսներս դնելով մեզ վրա և պատրաստ լինենք ցանկացած զարգացման: