Վաղը՝ ժամը 11։00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպելու վերաբերյալ հարց չկա:

Մինչդեռ ԵՊՀ-ն կարիք ունի խորքային բարեփոխումների: Դա բոլորն են հասկանում: Բայց ո՞վ կարող է առաջնորդել այդ բարեփոխումները: Պատասխանը միանշանակ է՝ միայն ծրագիր և մանդատ ունեցող ընտրված ռեկտորը: Բարեփոխումների համար անհրաժեշտ են ծրագիր և ժամանակ, որից ոչ մեկը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չունի:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չունի ծրագիր: Մայիս ամսին նրա ընտրության ժամանակ խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի կողմից նշվել էր, որ ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթը օպերացիոն կառավարումն է, և երկու-երեք ամսվա համար ծրագիր չեն կազմում: Մինչդեռ ժամանակավոր պաշտոնակատարը նոր բյուջե է կազմել, նախատեսում է կառուցվածքային փոփոխություններ և ուսման վարձերի բարձրացում: Բայց ի՞նչ ծրագրի հիման վրա է նա դա իրականացնում: Ի՞նչ մանդատով:

Ռեկտորի ԺՊ-ն չունի ժամանակ: Նա չգիտի, թե որքան ժամանակ է իրականացնելու ռեկտորի լիազորությունները: Դեկաններն ու այլ աշխատակիցները ևս չգիտեն, թե ում հետ են աշխատելու մոտակա տարիներին: Այս անորոշությունն ու ժամանակավորությունը կասեցնում են բուհի զարգացումը:

Մի առարկայական օրինակ բերեմ: ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը ավարտվում է: Ժամանակավոր պաշտոնակատարը ինչպե՞ս կարող է նոր ծրագիր կազմել, եթե չգիտի, թե իրեն հնարավորություն տրվելո՞ւ է դա իրանացնելու, թե՞ ոչ:

Այս անցումային փուլի ձգձգումը միայն վնասում է ԵՊՀ-ին: Դրա մասին բոլորն են խոսում, նույնիսկ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը: Վաղը Խորհրդի նիստ ընթացքում առաջարկելու եմ ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարել: Եվ եթե նորից ոչ հիմնավոր պատճառաբանությամբ իմ առաջարկը մերժվի, ուրեմն վստահաբար կարող ենք ասել, որ փորձ է արվում ռեկտորի պաշտոնը կարելու որևէ մեկի հագով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել