Թբիլիսիում տեղի է ունենում եռակողմ ձևաչափով Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների արդեն իսկ ութերորդ հանդիպումը: Այսպիսի հանդիպումներում սովորաբար քննարկվում են ինչպես տարածաշրջանային նշանակություն ունեցող տրանզիտային, էներգետիկ նախագծերի կյանքի կոչման և տնտեսական փոխգործակցության վերաբերյալ հարցեր, այնպես էլ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող խնդիրներ:
Նման ֆորմատով հանդիպումների արդյունքում տարածաշրջանում ուժեղանում է թուրք-ադրբեջանական ազդեցությունը, որին հակակշռելու համար Հայաստանը պետք է նախաձեռնի տարածաշրջանային համագործակցության նոր տարբերակներ, օրինակ՝ Իրան-Հայաստան-Վրաստան կամ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափերով հանդիպումների տեսքով, որոնցում քննարկման առարկա կդառնա տարածաշրջանային համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: